22 Սեպ
2024
18° c ԵՐԵՎԱՆ
9.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ապստամբող արքեպիսկոպոսը․ սպասելիքները ՀՀ-ում բողոքի ակցիայից և ցուցարարներին վախեցնելու մեխանիզմները` Deutsche Welle-ի ռեպորտաժում

Ապստամբող արքեպիսկոպոսը․ սպասելիքները ՀՀ-ում բողոքի ակցիայից և ցուցարարներին վախեցնելու մեխանիզմները` Deutsche Welle-ի ռեպորտաժում

Հայ քաղաքականության պատմության մեջ առաջին անգամ բողոքի շարժումը ղեկավարվում է եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցչի կողմից, գրել է Deutsche Welle-ն։ Ըստ հոդվածի՝ Հայաստանում բողոքի շարժման ուժեղացումը հանգեցրել է ներկայիս քաղաքական էլիտայի և եկեղեցու միջև կոնֆլիկտի սրման։

Ինչպես նշվել է, բավական կարճ ժամանակում Բագրատ սրբազանը Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակցից վերածվել է նրա մոլի մրցակցի։ Ժամանակին Գալստանյանը նույնիսկ սատարել է Փաշինյանին, երբ վերջինս երթով շարժվում էր դեպի Երևան։ «Բագրատ Գալստանյանը Հայաստանում հայտնի դեմք է, և միշտ էլ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով։ Ինչպես 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ, այնպես էլ դրանից հետո, երբ դա անհրաժեշտ էր, Գալստանյանը գլխավորել է այս ընդդիմադիր շարժումը»,- DW-ի հետ զրույցում նշել է Գալստանյանի զինակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ըստ հոդվածի՝ Գալստանյանի՝ Փաշինյանին «հաշված օրերում» տապալելու խոստումից անցել է ավելի քան երկու ամիս, իսկ ընդդիմադիր շարժման համախոհների թիվը նկատելիորեն նվազել է։ Սակայն արքեպիսկոպոսը մտադիր չէ հանձնվել։ Բողոքի ակտիվության անկումը հաստատվում է հենց ընդդիմության գործողություններով. հանրահավաքներ այլևս ամեն օր չեն անցկացվում, իսկ քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այդ թվում՝ Երևանում փողոցներ փակելը, չեն հասել այնպիսի մակարդակի, որ լուրջ վտանգ ներկայացնեն իշխանությունների համար։ Գառնիկ Դանիելյանը բողոքի ակցիայի մասշտաբների կրճատումը բացատրում է մարդկանց ուռճացված սպասումներով։ «Երբ շարժումը տեղափոխվեց Երևան, սպասելիքները շատ մեծ էին։ Շատերն ակնկալում էին, որ մեկ օրում կամ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։ Մարդիկ հոգնել են երկարատև պայքարից, բացի այդ, կա պետական ճնշում։ Մարդկանց վախեցնելու մեխանիզմներ են կիրառվում, որպեսզի նրանք չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին», – նշել է պատգամավորը։