27 Հնս
2024
ABCMEDIA
Անընդունելի է Փաշինյանի հետ ընտրության գնալը. Գառնիկ Դանիելյան

Անընդունելի է Փաշինյանի հետ ընտրության գնալը. Գառնիկ Դանիելյան

Անընդունելի է Փաշինյանի հետ ընտրության գնալը։ Այս մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Սա նրա համար չէ, որ Սրբազանին բերենք վարչապետ սարքենք, սա նրա համար չէ, որ Գառնիկ Դանիելյանը գա, ինչ-որ պաշտոն զբաղեցնի։ Ես ինքնաբավ մարդ եմ, իմ կյանքով սրանից առաջ էլ եմ ապրել, սրանից հետո էլ եմ պատրաստվում առհասարակ լրիվ ուրիշ բանով զբաղվել։ Իմ խնդիրը չէ, ոչ էլ Սրբազանի, սա բոլորիս խնդիրն է և բոլորիս սրտացավ մասնակցությունն ու աջակցությունը շատ կարևոր է։ Ունե՞նք անփորձություն, իհարկե ունենք։ Մեր հետևում չեն կանգնած աշխարհաքաղաքական կենտրոններ։ Հյուսիսից ու հարավից աջակցություն չունենք»,- նշել է նա։

Դանիելյանը հաստատել է, որ ամեն ինչ իրենց պլանավորածի համաձայն չի ընթացել, որովհետև եթե այդպես լիներ, Փաշինյանն այսօր իշխանության չէր լինի։

Նա ներկայացրել է շարժման ձևավորման ու ընդլայնման ընթացքը։

Խոսելով մայիսի 9-ի մեծ հանրահավաքին մասնակցած մարդկանց մասին, Դանիելյանը հաստատեց, որ դրանց մեծ մասը պատրաստ չէին զանազան անհնազանդության ակցիաներ իրականացնել։ «Ակտիվ ակցիաների փուլում մենք զգացինք, որ այն խավը, որը պատրաստ է գալ հրապարակ և աջակցություն հայտնել, պատրաստ չէ ակցիաներ իրականացնել»։

Ըննդիմադիր պատգամավորն ուշադրություն հայտնեց ՔՊ-ական մի պատգամավորի այն հայտարարության վրա, որով սպառնում էր ժողովրդին, որ եթե ԱԺ ներխուժելու փորձ անեն, նրանց վրա կկրակեն։ Դանիելյանը դա համեմատեց 2018-ի հետ, երբ ներխուժում էին ռադիոտուն, բայց ոչ մեկը չկրակեց ու բռնության չենթարկեց։