Անցնող օրերին Նիկոլ
Փաշինյանը «փայլեց» երկու միջազգային առիթներով՝ հարցազրույց տալով ամերիկյան The
Wall Street Journal-ին և մասնակցելով Թբիլիսիի միջազգային համաժողովին: Բովանդակային
և իրադարձային իմաստներով այս համերգաշարը խարսխված էր նրա համար այլևս տիպիկ դարձած
եռամիասնության վրա՝ նախաձեռնողական տգիտության, խրոնիկ հակառուսականության և մարտնչող
անհայրենիքության:
«Երևան-Արևմուտք-Անկարա»
տրանզիտ
Ամերիկյան պարբերականի
հարցազրույցում Փաշինյանի կողմից անվտանգության հայեցակարգի շուրջ սեփական տեսլականի
շարադրումը ստիպեց Բժեզինսկիին, Սու Ցզիին, Բիսմարկին և Մաքիավելիին շուռ գալ սեփական
գերեզմաններում:
Անշուշտ, անվտանգությունը
շատ ավելին է, քան պարզապես զինված ուժերը, և սա դասագրքային ճշմարտություն է: Նիկոլի
կողմից սա փաստացի խոստովանություն է առ այն, որ 2018թ.-ից հետո նա գիտակցաբար և համակարգված
քանդում էր Հայաստանի և Արցախի անվտանգային ճարտարապետությունը ոչ միայն բանակի համալրման
խաթարման և կադրային ջարդի միջոցով, այլև գիտակցված կազմաքանդելով անվտանգության մյուս
բաղադրիչները:
2018թ.-ից սկսեց այլասերվել
Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պարալիզացվել Արցախյան բանակցային ձևաչափը, թիրախավորվեցին
դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միաժամանակ արմատախիլ արվեց երկրի
անվտանգության գաղափարական հիմքը, հայ ժողովուրդը ենթարկվեց տարաբնույթ բաժանումների,
ընկճվեց հասարակության իմունիտետն ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ, և այլն:
Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ վերանայվեց և անդամահատվեց Հայաստանի
անվտանգության ռազմավարությունը, որտեղից դեռևս 2020թ.-ի հուլիսին հեռացվեցին Արցախի
Հանրապետություն հասկացությունը և ազգային շահերի մասին այլ հիշատակումներ:
Հարցազրույցում Նիկոլի
կողմից ներկայացված անվտանգային տեսլականը ոչ թե պետական այրի, այլ PEACE
BUILDING-ի պրիմիտիվ սեմինարի մասնակից 18 տարեկան, պրիշչիկոտ և ռոմանտիկ դեռահասի
ուղեղի լվացման արդյունք է:
«Мир, дружба,
жвачка» ոճի բարբաջանքը, այն էլ՝ փոթորկված և եռացող աշխարհում, գեոպոլիտիկ ռիտուալների
զոհասեղանին հոժարակամ բարձրացող հայ ժողովրդի մահախոսականն է հիշեցնում: Եթե անվտանգության
նիկոլական տեսլականն իրականում կառավարեր աշխարհը, ապա աշխարհում չէր լինի մոտ 200
անկախ պետություն, ոչ մի կայսրություն չէր փլուզվի, իսկ հայ ժողովուրդը վաղուց կդադարեր
գոյություն ունենալ և չէր հասնի 21-րդ դար:
Արցախի հարցի տարանջատումը
հայ-ադրբեջանական օրակարգից կործանարար էր Արցախի համար: Հիմա այս տարանջատման վրա
հույս դնելը կործանարար է դառնում բուն Հայաստանի Հանրապետության համար:
Հայ-ռուսական հարաբերությունների
խորացող ճգնաժամը քողարկելով «բալանսավորում և դիվերսիֆիկացիա» բառակույտի ներքո՝ Նիկոլը
կրկին ստում է: Բալանսավորում և դիվերսիֆիկացիա անում են Ի ԼՐՈՒՄՆ ինչ-որ բանի, ոչ
թե Ի ՀԱՇԻՎ: Այնինչ ներկայիս արտաքին քաղաքականության հիմքում ընկած է ՀՀ-ՌԴ հարաբերությունների
կապիտալն արևմտյան հարթակներում էժանով վաճառելը:
«Արևմուտքի միջոցով
Ռուսաստանից պրծնել, որ նստել Թուրքիայի գիրկը». սա է Փաշինյանի անվտանգային ավանտյուրիզմի
բանաձևը:
Где Кура, где мой
Дом
Մի քանի դիտարկում
անեմ նաև Թբիլիսիի միջազգային համաժողովին Նիկոլի մասնակցության և ելույթի մասին: Բացի
այլանդակ և սկանդալային քարտեզից, որ ներկայացվեց՝ որպես Հայաստան, և բուռն քննարկման
ենթարկվեց, կան նաև այլ հանգամանքներ:
Հիշեցնեմ, որ նույն
ժամանակ Բիշքեկում տեղի էր ունենում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը,
որին մասնակցում էին 20-ից ավելի երկրների վարչապետներ և նախարարներ: Փաշինյանի կողմից
այս հանդիպման բոյկոտն էլ ավելի է խորացնում ՀՀ-ՌԴ ճգնաժամն առնվազն այն պատճառով,
որ եթե ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի ուղղությամբ Հայաստանի վարչախումբը քարեր նետել էր, ապա ապա
ԵԱՏՄ-ի մասով դեռևս դիվանագիտական դեմարշներ չէին եղել:
Թբիլիսիի միջոցառմանը
Նիկոլի մասնակցությունը տարօրինակ է նաև այլ պատճառով: Արդեն երկրորդ անգամ է, ինչ
Ալիևը մերժում է Փաշինյանի հետ հանդիպումը. Սկզբից՝ Գրանադա, հետո՝ Բրյուսել: Առկայության
դեպքում արժանապատվության հարց էր առնվազն այդքանից հետո չհայտնվել Ալիևից ցածր ռանգի
ադրբեջանական պաշտոնյայի հետ միևնույն հարթակում: Այս տեմպերով չեմ զարմանա, որ մի
օր էլ նա կհայտնվի, օրինակ, Հիքմեթ Հաջիևի և Թուրալ Գյանջալիևի հետ միևնույն ձևաչափում:
Այն, որ «Խաղաղության
խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր,
ակնհայտ է: Այն բրենդավորելու, նոր փաթեթավորմամբ ներկայացնելու ջանքերը ք..քը շոկոլադի
տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում: Եկեք, սակայն, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն
իրավացի է, դիցուք, այդ նախագիծն իրոք պրոհայկական է և ռեգիոնալ ու գլոբալ նշանակություն
ունի: Այսօրվա աշխարհում կան ընդամենը 5 խաղացողներ, որ լոգիստիկ-կոմունիկացիոն մեգա-նախագծերի
մեջ շահագրգիռ են, ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ: Հերթով դիտարկենք:
1. Չինաստան- Ճանապարհ
և գոտի նախագիծ: Նիկոլի ԽԽ-ն ոչ միայն չկա այդ փաթեթում, այլև չի կարող լինել, քանզի
ներկայիս Հայաստանի գեոպոլիտիկ դիրքավորումը չի համապատասխանում Չինաստանի շահերին:
2. Ռուսաստան- Հյուսիս-Հարավ
նախագիծ: ՌԴ-ն ոչ միայն ունի ռեգիոնում իր սեփական ծրագրերը, այլև նիկոլական Հայաստանի
հետ գտնվում է խորացող ճգնաժամի մեջ:
3. Հնդկաստան- Այս երկիրն ունի լոգիստիկ դիվերսիֆիկացիայի
խնդիր, որը հատկապես սրվում է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին: Սակայն միանձնյա
չի մտնի նոր նախագծերի մեջ, հատկապես, երբ արդեն երևում է Հյուսիս-Հարավի ռեալ հեռանկարը:
4, G7 և Եվրոպական միությունն
ունեն իրենց գլոբալ նախագծերը, համապատասխանաբար՝ PGI (Partnership for Global
Infrastructure) և Global Geateway: Սակայն երկուսն էլ լինելով հավաքական Արևմուտքի
նախագծեր, չեն ներառի այնպիսի շահառու երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը:
Շարադրվածից պարզ է
դառնում, որ տակը մնալու է միայն Թուրքիան, այն էլ՝ խիստ հատվածական և սեփական գերակայություններով:
Ուստի ակնհայտ է, որ
նիկոլական ԽԽ-ն ոչ թե Հայաստանին խաղաղություն բերելու գաղափար է, այլ մեզանից վերջնականորեն
ռեգիոնալ պոլի շոր սարքելու առաջարկ:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
27.10.2023թ.