15 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հունգարիայի արտգործնախարարի հետ քննարկել է գերիների ազատ արձակման հարցը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հունգարիայի արտգործնախարարի հետ քննարկել է գերիների ազատ արձակման հարցը

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
ընդունեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին։

 Հանդիպմանը ներկա էին
նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը,
ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն և Հունգարիայի
«Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար
Տրիստան Ազբեյը։

 Նորին Սրբությունը,
ողջունելով Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
անդրադարձավ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։
Հայոց Հայրապետը նշեց, որ նախարարի այցը Հայաստան որոշապես կնպաստի հայ-հունգարական
կապերի և փոխգործակցության առավել սերտացմանն ու զարգացմանը։

 Զրույցի ընթացքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձ կատարեց Ադրբեջանի ծավալապաշտական
քաղաքականությանը և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ կարևոր նկատելով
միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝
սանձելու Ադբեջանի զավթողական անզուսպ ձգտումները։

 Հայոց Հայրապետն ի
դեմս նախարարի՝ իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց Հունգարիայի կառավարությանը
2021թ. հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում
քրիստոնեական համայնքներին, Հայ Եկեղեցուն և այս դժվարին օրերին Հայաստանին ու հայրենազրկված
արցախահայությանը ցուցաբերած աջակցության և զորակցության համար։

 Իր խոսքում Հայոց Հովվապետն
անդրադարձավ նաև գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման
խնդիրներին։

 Իր հերթին նախարար
Պետեր Սիյարտոն արժևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերը Հայաստանի և Հունգարիայի միջև
դիվանագիտական կապերի վերականգնման գործում։

 Նախարարն ընդգծեց,
որ հայ և հունգար ժողովուրդներն ունեն քրիստոնեական համընդհանուր արժեհամակարգ, ինչը
կարևոր հիմք է հարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում։

 Հունգարիայի արտաքին
գործերի և առևտրի նախարարն ընդգծեց նաև, որ Հունգարիան պատրաստ է տարբեր ծրագրեր իրականացնել
տեղահանված արցախցիներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև հետևողական քայլեր
ձեռնարկել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։