Պաղեստինյան ՀԱՄԱՍ
շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի
հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ
չեն տալիս դա անել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել
է Մոսկվայում այցով գտնվող քաղբյուրոյի անդամ,
ՀԱՄԱՍ-ի արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը։
«Ինտենսիվ ռմբակոծություններ,
զանգվածային սպանություններ և ավերածություններ են տեղի ունենում: Նրանք ռմբակոծում
են ինչ պատահի՝ մարդկանց և ենթակառուցվածքները, և (պատանդների տեղաշարժը – խմբ.) ուղղակի
անհնար է, մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի փրկությունը»,- պարզաբանել է նա։
Քաղբյուրոյի անդամի
վկայությամբ, Իսրայելի հարվածներն արդեն սպանել են ավելի քան 7000 մարդու, այդ թվում՝
3000 երեխաների, ոչնչացրել են 250.000 բնակարանային միավոր:
Ինչպես նշել է Աբու
Մուրզուկը, շարժումը էսկալացիայի առաջին օրվանից ասում էր, որ չի ցանկանում պատանդ պահել քաղաքացիական անձանց, սակայն իրեն անհրաժեշտ են
համապատասխան պայմաններ նրանց ազատման և անվտանգ վերադարձի համար: Միևնույն ժամանակ,
Իսրայելը, ըստ նրա, հրաժարվել է արձագանքել «այս մարդասիրական կոչին» և շարունակել
է ռմբակոծությունը «քանի դեռ այդ պատանդներից մոտ 50-ը չսպանվեցին»: