28 Հնս
2024
ABCMEDIA
Համակենտրոնացման ճամբարում գողացված ժամացույցն 80 տարի անց վերադարձվել է հույն կալանավորի ընտանիքին

Համակենտրոնացման ճամբարում գողացված ժամացույցն 80 տարի անց վերադարձվել է հույն կալանավորի ընտանիքին

Հունաստանի քաղաքացի Անժելիկա Կոնտոգեորգիույին հրավիրել են Բեռլինում Հունաստանի դեսպանատուն՝ նրան փոխանցելու պապի՝ Վասիլիոս Կոնտոգեորգիուի ժամացույցը, որը գողացել էին 80 տարի առաջ՝ համակենտրոնացման ճամբարում․ գրում է Bild-ը։

Նա Նոյենգամ համակենտրոնացման ճամբարում հայտնվել է 1944 թվականի մայիսին։ Այնտեղ է տեղափոխվել Հունաստանի Վոլոս քաղաքում, որպես դիմադրության մարտիկ ձերբակալվելուց հետո։

Հույնը հարկադիր աշխատանք է կատարել Զալցգիթեր-Վատենշտեդտ համակենտրոնացման ճամբարում, որտեղ նա հիվանդացել է թոքաբորբով և մինչև ազատագրումը կշռել 38 կիլոգրամ: Վասիլիոս Կոնտոգեորգիուն փրկվել է նացիստական ահաբեկչությունից և վերադարձել Հունաստան, որտեղ ընտանիք է կազմել։ Նա կյանքից հեռացել է 1997թ-ին։

«Նա երբեք ատելություն չի զգացել՝ չնայած երիտասարդության տարիներին գերմանացիների հետ ունեցած սարսափելի փորձառություններին: Պապս ինձ շատ բան է սովորեցրել, նա կենսուրախ մարդ էր»,- պատմել է թոռնուհին։

Գրպանի կլոր ժամացույցը, որը խլել էին բանտարկյալից, պահվել է Բադ Արոլսենի Կարմիր խաչի միջազգային գրասենյակում՝ շագանակագույն ծրարի մեջ, որին փակցված է եղել 32820 բանտարկյալի համարը։

«Մեր ընտանիքը ոչինչ չգիտեր այս ժամացույցի մասին: Ինձ համար շատ հուզիչ է այսքան տարի անց պապիս անձնական իրը ձեռքումս պահելը»,- խոստովանել է թոռնուհին։