
101 տարեկանում մահացել է ֆուտբոլիստ Պելեի մայրը․ նա այդպես էլ չիմացավ որդու մահվան մասին
Հունիսի 21-ին 101 տարեկան հասակում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մայրը՝ Սելեստե Արանտեսը։ Կինը մահացել է բրազիլական Սան Պաուլոյի Սանտոս քաղաքի հիվանդանոցում։ «Սանտոս» ակումբը հայտարարություն է տարածել, որում ցավակցություն է հայտնել կնոջ մահվան կապակցությամբ։
Պելեն նրա երեք երեխաներից մեկն էր։ Ի սկզբանե Սելեստը դեմ էր, որ նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինի, բայց երբ որդին սկսեց հաջողությունների հասնել, Սելեստեն մտափոխվեց, գրում է Goal.com-ը։
Վերջին հինգ տարիներին կինը գտնվում էր վեգետատիվ վիճակում և այդպես էլ չի իմացել որդու մահվան մասին։
Լեգենդար մարզիկը մահացել է 2022 թվականի դեկտեմբերին՝ 82 տարեկան հասակում, քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո։ Պելեի հրաժեշտի արարողությանը ավելի քան 230 հազար մարդ է մասնակցել։