
Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք․ տուժողների թվում է Օբամայի քույրը
Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, որտեղ ավելի վաղ քվեարկություն է տեղի ունեցել հարկերի բարձրացումը հաշվի առնող բյուջեի նախագծի շուրջ․ տեղեկացնում է ТАСС-ը։
Իրավիչակը սրվել է, խորհրդարանի մոտակայքում լսվում են կրակոցներ ու պայթյուններ, խորհրդարանի շենքից ծուխ է ելնում։ Citizen հրատարակությունը հաղորդում է, որ ցուցարարները հրդեհել են շենքը։
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ: Հաղորդվել է նաև մարտական փամփուշտների կիրառման մասին, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է:
Ըստ CNN-ի՝ հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ Նայրոբիում արցունքաբեր գազից տուժել են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քույրը՝ Աումա Օբաման, և նրա դուստրը։
Հավելյալ հարկերի սահմանման դեմ բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 18-ից և տարածվել ամբողջ երկրում։ Հանրահավաքներ են տեղի ունենում Կիսումու, Նյերի, Նակուրու, Էլդորեթ, Քիլիֆի և Մոմբասա խոշոր քաղաքներում։ Բողոքի ցույցերի ընթացքում մահացել է 10 մարդ, առնվազն 200-ը` տուժել։