«Լավ լրագրող եմ դառնալու, Արցախի վերականգման աշխատանքներն եմ լուսաբանելու». ԵՊՀ-ից Ճարտար` Աննան երազանքների ճանապարհ է գծել
Արցախի պետական համալսարանի շրջանավարտը լինելու մեծ երազանքով Աննա Հայրապետյանն իր առաջին քայլերն արեց ուսանողական կյանքում։ Դեռ այդ ժամանակ չէր էլ մտածում, որ իրեն վիճակված է Երևանի պետական համալսարանի շրջանավարտ լինել, որ ծնողների և իր այդքան սպասված դիպլոմը ձեռքին ոչ թե Արցախի, այլ Երևանի պետական համալսարանի աստիճաններն է իջնելու։ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում ծնված ու մեծացած Աննան ամեն օր արթնանում է զգացումով, թե այս անգամ տանն է։
«Արթնանալիս պատկերացնում եմ, որ մեր տանն եմ, բայց հենց նայում եմ շուրջս, գիտակցում եմ` Երևանում եմ։ Քանի որ Արցախից եմ ու մեր դասախոսներն էլ մեզ հետ միասին նույն ճանապարհն են անցել, ընկերները՝ ևս, 3 տարի էլ Արցախի պետական համալսարանում եմ սովորել՝ Արցախի պետհամալսարանն ավելի հոգեհարազատ է, բայց ԵՊՀ-ն նույնպես մի քանի ամսում դարձավ հոգեհարազատ: Դասախոսների ջերմությունն ու ընկերներիս օգնությունն օգնեց մեզ»,- պատմում է Աննան:
ԵՊՀ-ի տվածից գոհ է, ասում է՝ իրեն լավ ընկերներ է տվել, որի շնորհիվ կյանքին այլ աչքերով է սկսել նայել։
«Երբ դիպլոմը ձեռքիս էր, զգացմունքներս խառնվել էին: Մտովի Արցախում էի, ֆիզիկապես՝ Երևանում: Աչքերով ամենուր փնտրում էի Արցախի պետական համալսարանն ու դրա դիմացի այգին: Պատկերացնում էի, թե ինչպես կանցներ ավարտական միջոցառումը, եթե լինեի Արցախում»:
Դեռ համալսարան չընդունված, Աննան արդեն որոշել էր` ավարտելուց հետո դիպլոմը ձեռքին պիտի վերադառնա հայրենի Ճարտար, ծնողներին անակնկալ անի, բայց այսօր ոչ Ճարտար տանող ճանապարհը կա, ոչ էլ Արցախի պետական համալսարանը։ Փոխարենն այսօր այլ քաղաքում է, իսկ տուն տանող ճանապարհը` ոչ այնքան հարազատ, որքան Ճարտարինն էր:
«Իրականում շատ դժվար էր, մեկ ուզում ես ուժեղ լինել, որ չերևա, թե կիսատ ես վերցնում դիպլոմդ, ամբողջական չի երջանկությունդ, հետո էլ գիտես, որ հարազատներդ երկար են սպասել այս օրվան ու քեզնից շատ են ուրախանալու ավարտելուդ լուրից։ Ուժ ես հավաքում և ժպիտով շարունակում ճանապարհդ»,-պատմում է Աննան։
Ապագայի մասին պատկերացումներ արդեն ունի ու այդ պատկերացումներում Արցախն էլ իր տեղն ունի, առանց Արցախի Աննան չի ցանկանում պատկերացնել իր ապագան։ Աղջկա ամենամեծ հույսն ապագայում կապվում է ծննդավայրի հետ, բայց ցանկանում է իր ամբողջական հայրենիքի՝ Հայաստան աշխարհի փրկությունը տեսնել։
Ամեն քայլն անելիս հայրենիքի զարգացման մասին է մտածում։ ԵՊՀ լրագրության ֆակուլտետն է ավարտել Աննան։ Հարցին, թե ի՞նչ է պատրաստ անել լրագրող Աննան ապագայում ազատագրված Արցախի համար, հուզված պատասխանում է՝ ամեն ինչ, ինչ Արցախին պետք լինի, վերականգնման աշխատանքները կլուսաբանեմ, կամավորություն կանեմ, միայն տեսնեմ այդ օրը։
Հստակ է որոշել` իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքները ծառայելու են բացառապես Հայաստան աշխարհի համար: