«Թարմ թթվի տեսականի- աղտիրած». արցախյան թթուն՝ Երևանի շուկայում
Երեք երեխայի մայր Վիկտորյա Պետրոսյանը, որ օրվա գրաֆիկը կազմելուց վստահ չէ՝ սուրճ խմելու ժամ կունենա՞, փոքրիկ բիզնես է սկսել։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո մի քանի անգամ բնակարան են փոխել։ Հիմա ապրում են Երևանում: 6 հոգանոց ընտանիքը տեղավորվել է 3 սենյականոց բնակարանում։ Ունի երեք անչափահաս երեխա։ Առավոտյան վաղ արթնանում է Արթուրին ամառային դպրոց, Արփիին մանկապարտեզ տանում։ Մինչև տուն է հասնում, Արթուրին հարվածային գործիքների խմբակ տանելու ժամն է մոտենում, որին պիտի հաջորդի նկարչության գնալը: Արթուրը նաև ռոբոտաշինության դասընթացի է մասնակցում: Արփին էլ քանոնի ու պարի է հաճախում։ Օրվա ընթացքում պարտաճանաչ պետք է հասցնել բոլորը:
«Տեղահանվելուց քիչ հետո որոշեցի երեխաներիս ազատ չթողել ու կցել տարբեր խմբակների։ Սկզբից ամաչում էին, չէին էլ ուզում, մեզ համար էլ վճարովի լինելն էր խնդիր, բայց շրջանցելի խնդիր։ «40+10» սոցաջակցությունը հավաքում, տան վարձի գումար ենք տալիս, ամուսնուս աշխատավարձն էլ երեխաներիս կրթելու համար պահում։ Մտածում եմ՝ դպրոցների հեռու լինելը կամ ֆինանսի բացակայությունը պատճառ չէ նրանց զարգանալու հնարավորությունից զրկելու համար»,- ասում է Վիկտորյան։
Որդիս 6 տարեկան լինելով՝ պատանի երաժիշտ է համարվում՝ ուրախ-ուրախ ընդգծում է զրուցակիցս։ Օրվա «քաշքշոցի» ընթացքում Վիկտորյայի թևից կախված կամ ոտքերը կոխկրտելով նրան է հետևում 1 ու կես տարեկան Աստիկը՝ ուշադրություն, սեր ու «հավելյալ խմբակներների» հաճախելու իր պահանջով։
Մանկահասակ երեխաների մայր, կին ու հարս լինելը քիչ է, փոքրիկ բիզնեսն էլ չէր խանգարի՝ մտածում է Վիկտորյան։
«Ընտանիքիս հետ որոշել ենք փոքրիկ բիզնես սկսել։ Թթուներ եմ պատրաստում ու փորձում շուկայում տեղս գտնել։ Թթու դնելու «արվեստը» գենետիկորեն է փոխանցվել․ հորական, մորական տատիկներս, մայրս անմահական թթուներ են պատրաստում։ Ես էլ համեստություն չեմ անի ու կասեմ՝ ինձ մոտ ևս լավ է ստացվում»,- ասում է Վիկտորյան ու հիշում մայրիկի հետ միասին թթու դնելու գործընթացը։
Այդ օրերին, իհարկե, հաճույքի, պարապ ժամանակը ինչ-որ կերպ անցկացնելու համար էր անում։ Այսօր խճճված գրաֆիկում ազատ րոպեներ է «պոկում», շուկա վազում, ջոկում թարմ բանջարեղեն, գնում տարաներ, անհրաժեշտ այլ իրեր ու վերադառնում վարձով տուն:
«Մեր վարձակալած տունը շատ հարմար մառան ունի` և՛ չափերով, և՛ ջերմաստիճանով։ Հիմնականում գիշերներն եմ թթուները պատրաստում։ Երեխաներին քնացնում եմ, տեղափոխվում խոհանոց։ Օր է լինում մինչև լուսադեմ 04։00-05։00-ն աշխատում եմ։ Ընթացքում հոգնածություն չեմ զգում, մեծ հաճույքով եմ պատրաստում։ Օրվա գնած թարմ բանջարեղենը պետք է նույն օրն էլ ամբողջությամբ թթու դնեմ։ Միշտ ասել ու ասում եմ՝ սիրով կատարածը անիմաստ չի կորում։ Հուսով եմ մեր պատվիրատուները գոհ կլինեն»,- ասում է Վիկտորյան։
Նկարները՝ «Թարմ թթվի տեսականի- աղտիրած» բիզնես էջի
Զրուցակիցս մասնագիտությամբ բանասեր է։ Սրտնեղում է, որ մասնագիտությամբ չի աշխատում։ Չնայած «Թարմ թթվի տեսականի- աղտիրած» էջը վարելու համար բանասեր լինելը լավ օգնում է։
Չաշխատելու պատճառն էլ աշխատանք չգտնելը չէ, ասում է՝ փնտրողը, կգտնի.
«Սպասում եմ Աստղիկին մանկապարտեզ տանեմ ու սկսեմ իմ մասնագիտությամբ աշխատանք փնտրել։ Այնպես չէ, թե այդ աշխատանքը գտնելուց հետո այլևս թթու չեմ պատրաստելու (ծիծաղում է)»:
Վիկտորյային տեսնել է պետք։ Դժվարությունների մասին այնքան թեթև է խոսում. սկզբում մտածում ես՝ կամ դժվար չէ այդքան, կամ էլ ինքն է լավ դերասան։ Սակայն լավ ճանաչելուց հասկանում ես՝ մարդը պարզապես սովորել է ուժեղ լինել, դժվարություններից թեկուզ նիհարել է, սկսել ավելի արագ խոսել, բայց չի կոտրվել:
Նկարները՝ Վիկտորյա Պետրոսյանի ֆեյբուքյան էջից։