Արևմուտքը Հարավային Կովկասում փորձում է ստեղծել քաոս՝ որպես ռևանշ ՌԴ-ի խաղաղարար ջանքերի դեմ․ Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձել է ՀՀ-ի կողմից ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի ձեռքբերմանը։ Նրա խոսքով՝ Փարիզի քաղաքականությունն է՝ փորձել լինել ամենուր, միևնույն ժամանակ չկրել որևէ պատասխանատվություն։
«Եթե նրանք ցանկանային պատասխանատու կերպով մոտենալ հակամարտությունների կարգավորմանը, ունեին միլիոնավոր հնարավորություններ, որոնցից մեկը Մինսկի խումբն էր։ Հետո մենք իմացանք, որ այն զուտ քողարկում էր՝ Կիևի ռեժիմին աջակցություն ցուցաբերելու համար։ Խոսելով Կովկասի տարածաշրջանի մասին՝ մենք հասկանում ենք, որ կա քայլ առ քայլ ներկայացնող ճանապարհային քարտեզ՝ իրավիճակի կարգավորման, հումանիտար, տնտեսական կապերի համար, լոգիստիկայի կառուցման համար՝ ուղղված փոխադարձ համագործակցությանը։ Այդ ամենը կա ՀՀ-ի, Ադրբեջանի և Մոսկվայի՝ որպես միջնորդի միջև ձեռք բերված պայմանավորվածություններում», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան նաև հետաքրքրված է այն բոնուսներով, որոնք կբերեն խաղաղությունը և կայունությունը նաև ՌԴ-ին՝ որպես պետության, ինչը խիստ չարություն է առաջացնում Արևմուտքի մոտ։
ԱԳՆ ներկայացուցիչը համարում է, որ Արևմուտքը, չկարողանալով հասնել խաղաղության, պատրաստում է քաոս՝ գուցե, որպես ռևանշ ՌԴ-ի խաղաղարար ջանքերին, որոնք մատնանշել են տասնամյակների փակուղուց ելքը։
«Փարիզը գործում է ոչ ի շահ Հայաստանի կամ հայ ժողովրդի, այլ օգտագործում է Երևանին սեփական շահերի համար։ Հեռանկարներն ամենևին էլ գունագեղ չեն, եթե Փարիզը դառնա այն ուժը, որը կթեքի Երևանին իրական կարգավորումից՝ հօգուտ հերթական արկածախնդրության», – ընդգծել է Զախարովան։