21 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
19.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուսաձայնային նռնակից վիրավորված քաղաքացու ցուցամատը այսօր ամպուտացրել են, կրծքավանդակից բեկոր հանել․ կինը մանրամասներ է հայտնել

Լուսաձայնային նռնակից վիրավորված քաղաքացու ցուցամատը այսօր ամպուտացրել են, կրծքավանդակից բեկոր հանել․ կինը մանրամասներ է հայտնել

Ոստիկանների նետած լուսաձայնային նռնակից ձեռքերը վնասած Եսայի Քարամյանը այսօր երկրորդ վիրահատությունն է ունեցել. ֆեյբուքյան էջում գրել է տուժածի կինը՝ Նաիրա Սահակյանը։

«Եսայու երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Արդեն արթնացել է և սենյակում է։

Ինչպես և ասել էի՝ հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որ բժիշկները շուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։ Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։ Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը մի որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակել։ Մաշկի փոխպատվաստում է լինելու ամենայն հավանականությամբ»,- գրել է Եսայու կինը։

Նա նաև տեղեկացրել է, որ կրծքավանդակից հեռացրել են ևս մեկ բեկոր։

«Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում»,- գրել է Նաիրա Սահակյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ուժայինների միջև Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում բախում է եղել։ Նախ բռնի ուժ կիրառելով, դաժան ծեծի ենթարկելով՝ շարժման մասնակիցները բերման են ենթարկվել, որին հաջորդել է հատուկ միջոցների կիրառումը։ Քաղաքացիների ուղղությամբ նետվել է մոտ 30 լուսաձայնային նռնակ։ Ավելի քան 100 քաղաքացի հոսպիտալացվել է, նույնչափ՝ բերման ենթարկվել։

Մամուլում լուրեր էր շրջանառվում, թե Եսայի Քարամյանը փորձել է լուսաձայնային նռնակը վերցնել ու ոստիկանների ուղղությամբ կիրառել, ինչի հետևանքով էլ կորցրել է մատերը։ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից ոստիկանների գործողությունը որակել է ճիշտ։

Եսայի Քարամյանի վնասվածքների, դեպքի մասին ավելի մանրամասն մեր ռեպորտաժում։