29 Դեկ
2024
1.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր է

Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր է

Իրանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավն ավարտվել է. տեղական ժամանակով ժամը 08:00-ից (Երևանի ժամանակով 08:30)  երկրում լռության օր է սկսվել:

Ինչպես հաղորդվել Է Իսլամական Հանրապետության ընտրական շտաբի հայտարարության մեջ, «բոլոր թեկնածուներին, կուսակցություններին, քաղաքական շարժումներին, նրանց կողմնակիցներին առաջարկվում է ձեռնպահ մնալ հատկացված ժամկետի ավարտից հետո թեկնածուների օգտին քարոզչական որևէ միջոցառում անցկացնելուց, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչական որևէ խորհրդանիշ կրելուց»:

Նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ կմտնի ընդհանուր առմամբ հինգ քաղաքական գործիչ։ Նրանք են՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամադին (բոլորը պահպանողականներ) և առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիյանը (բարեփոխական)։ Սկզբում Սահմանադրության պահապանների խորհուրդը թույլատրել էր մասնակցել ընտրություններին  6 թեկնածուի, սակայն փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հունիսի 26-ին հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ մյուս պահպանողական թեկնածուների։

Նախընտրական քարոզարշավին հատկացված երկու շաբաթվա ընթացքում թեկնածուների միջև կայացել է հեռուստաբանավեճի հինգ փուլ։ Դրանցից յուրաքանչյուրը նվիրված էր կոնկրետ թեմայի՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն և կառավարության արդյունավետության բարձրացում։

Վերջին սոցհարցումների արդյունքներով, որոնք անցկացվել են նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում, այս պահին առաջատար դիրքում է բարեփոական Մասուդ Փեզեշքիյանը: Նրանից մի փոքր հետ են մնում և համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են  պահպանողականներ Ջալիլին և Ղալիբաֆը։

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին: