Երբ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, ակնհայտ էր, որ Արցախը դատարկվելու է․ Վարդան Օսկանյան
Փաշինյանը դեռ շարունակում է մնալ երկրի ղեկին այս արհավիրքից հետո,
երբ մենք կորցրինք և դատարկեցինք Արցախը: Այս երկու դեպքերից հետո, երբ երկրի
ղեկավարը շարունակում է մնալ երկրի ղեկին, դա նշանակում է, որ ՀՀ-ում չկա ժողովրդավարություն,
նման իրավիճակ կարող է լինել միայն ավտորիտար երկրներում, բռնատիրություններում․ այս
մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Այս օրերին ամենահաճախակի հարցերից մեկն այն է, թե որն է այսօր
ՀՀ-ի առջեւ կանգնած ամենամեծ մարտահրավերը եւ ոնց կարելի է դա դիմագրավել: Պատկերացրեք,
նրանց դիվանագիտական եւ քաղաքական անմեղսունակությունն ինչպիսի բարձունքների է հասել,
որ նրանց գործունեության այս մի քանի տարիների արդյունքում նրանք հասցրեցին
ոչ միայն Արցախը տալ Ադրբեջանին, այլ Արցախը դատարկել ու տալ Ադրբեջանին: Սա
իրոք իշխանությունների մեղսունակության պատճառով է քաղաքական եւ դիվանագիտական
հարցերում»,-նշել է նա։
Օսկանյանի խոսքով՝ պատասխանատվությունը եւ մեղավորությունը իշխանությանն
է, այլ մեղավորներ պետք չէ փնտրել, միայն այն
փաստը, որ այս արհավիրքը մեր ժողովրդի գլխին եկել է այս իշխանությունների օրոք դա ուղղակիորեն
նրանց դարձնում է մեղավոր այս հարցում եւ պատասխանատու, անկախ ամեն ինչից։
«Եթե իրոք Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են,
կարծում են, որ այս հարցում կան այլ մեղավորներ, ասեմ, որ նրանք պարզապես շփոթում են
պատճառն ու հետեւանքը: Եթե մենք մեղավոր ենք համարում Ադրբեջանին, որ պատերազմ է սանձազերծել,
այո, սանձազերծել է, դա հետեւանք է: Եթե մենք մեղադրում ենք Արեւմուտքին, որ պատերազմի
ժամանակ մեզ անտեսեց, արհամարհեց, դա հետեւանք է, եթե մենք մեղադրում ենք մեր դաշնակցին,
որ մեզ չօգնեց պատերազմի ժամանակ, դա հետեւանք է, եթե մենք մեղադրում ենք Արցախի իշխանություններին,
որ փաստաթուղթ են ստորագրել լուծարելու իրենց պետությունը, դա հետեւանք է: Իսկապես
որ, երբ առաջին օրվանից Փաշինյանն ասաց, որ ինքը զրոյական կետից է սկսում, բոլորիս
համար ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու: Երբ Փաշինյանը շեղվեց Նոյեմբերի 9-ի փաստաթղթի
տառից, ոգուց եւ գնաց այլ ուղղություններով, խճճվեց այս հարցերում, ակնհայտ էր, որ
Ռուսաստանը երես էր թեքելու: Այն պահին, երբ Փաշինյանը ասեց, որ Հայաստանը կապ
չունի Արցախի հետ, Արցախն ինքնուրույն պետք է բանակցի, բոլորի համար ակնհայտ էր, որ
Արցախը դատարկվելու է»,-նշել է նա։
Ըստ Օսկանյանի՝ այլ երկրներում նման վարչապետը 5 րոպե չէր մնա իր
պաշտոնին, նրան անմիջապես կվռնդեին: