Սահմանադրությունը փոփոխության կարիք ունի, բայց դա չի կարող լինել Ադրբեջանի ճնշմամբ. փոխարտգործնախարար
Սահմանադրության փոփոխության մասով տեսնում ենք Ադրբեջանի հայտարարությունները, բայց դա մեր ներքին ժողովրդավարության գործընթացն է. ասել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Խոսակցություններն ու գործընթացը սկսվել են ավելի վաղ, ու Ադրբեջանը չէ, որ պիտի մեզ թելադրի մեր ներքին օրակարգը։ Իհարկե, մեր Սահմանադրությունն ունի փոփոխության կարիք, խոսքը մի քանի հոդվածների մասին է, ինչը նորմալ է, չկա մի երկիր, որտեղ նման գործընթացներ չլինեն, բայց դա չի կարող լինել այլ երկրի ճնշման ներքո»,-ասել է փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով՝ դժվար է ասել՝ Ադրբեջանի՝ ՀՀ սահմանադրության փոփոխության մասին հայտարարությունը պահա՞նջ է, թե բանակցություններում առաջ շարժվելու ցանկության բացակայություն։
«Խաղաղության պայմանագրի ստորագրման՝ Հայաստանի ոգևորությունը պայմանավորված է մեր խորին համոզմամբ, որ պետք է հաստատվի խաղաղություն։ Հայաստանի դիրքորոշումը պարզ է՝ Հայաստանում պետք է հաստատվի խաղաղություն։ Դրան է ուղղված թե՛ խաղաղության խաչմերուկը, թե՛ մեր մոտեցումները բանակցային պրոցեսին»,- ասել է Հովհաննիսյանը։