29 Դեկ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանը, Մոլդովան և Սերբիան չեն միացել ռուսական սառեցված ակտիվներից Կիևին եկամուտները փոխանցելու ԵՄ որոշմանը

Վրաստանը, Մոլդովան և Սերբիան չեն միացել ռուսական սառեցված ակտիվներից Կիևին եկամուտները փոխանցելու ԵՄ որոշմանը

Եվրամիությանը (ԵՄ) միանալու թեկնածու երկրները՝ Վրաստանը, Մոլդովան և Սերբիան չեն միացել ռուսական սառեցված ակտիվներից Կիևին եկամուտները փոխանցելու որոշմանը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ․ փոխանցում է ТАСС-ը։

Բորելը մանրամասնել է, որ ԵՄ մյուս թեկնածուները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան, աջակցել են ռուսական ակտիվներից եկամուտները հանելու որոշմանը։ Նախաձեռնությանը միացել են նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամ երկրները՝ Իսլանդիան, Նորվեգիան և Լիխտենշտեյնը, հավելել է Բորելը։

Եվրամիության երկրները մայիսի 21-ին հաստատել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից շահույթների օգտագործման պլանը։ Հունիսի 24-ին Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել Ռուսաստանի սառեցված ակտիվներից եկամուտները փոխանցելու վերաբերյալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով:

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել, որ Մոսկվան կարող է հայց ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան՝ ռուսական արգելափակված ակտիվներից Կիևին եկամուտների հնարավոր փոխանցման դեպքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին ընդգծել է, որ արևմտյան երկրների կողմից ռուսական ակտիվները զավթելու ցանկացած փորձ կհամարվի գողություն և անպատիժ չի մնա։