26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ, կարելի է երգել Մուշի ու Սասունի մասին,  բայց չի կարելի երգել «Շուշի»․․․Աննա Խաչատրյան

Ինչո՞ւ, կարելի է երգել Մուշի ու Սասունի մասին,  բայց չի կարելի երգել «Շուշի»․․․Աննա Խաչատրյան

ABC ինտերվյուի հյուրը երգչուհի Աննա Խաչատրյանն է։ Աննայի հետ զրուցել ենք երգարվեստի այսօրվա վիճակի մասին: Խոսել ենք նաև այն ճանապարհից, որն անցել է անցել է Աննան և այն փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել հանդիսատեսի հետ։ Աննայի կյանքում յուրահատուկ տեղ ունեն ընկերները և նրանց հետ անցկացրած ժամանակը։ Երգչուհին իրեն փորձել է տարբեր ժանրերում, և վստահ է, որ լավ երաժշտությունը միշտ գտնում է իր լսարանը։

-Ունե՞ք բնավորության գիծ, որը Ձեզ խանգարում է։

-Այո, ունեմ բնավորության գիծ, որն ինձ միշտ է խանգարում է՝ ուղղախոսությունն է․․․Ինչ մտածում, ասում եմ, օրինակ՝ երբ հարցնում են լա՞վ է երգում, չեմ կարողանում կեղծել՝ ասում եմ՝ ոչ, լավ չի երգում։ Շատերն ինձ այդ բնավորության գծի համար չեն սիրում։ Ինձ ասում են դու պրոֆեսիոնալ դաշտում, ոչ մեկի չես հավանում։ Մեկ-մեկ էլ ասում են գիտես ախր շատ լավ աղջիկ է, ասում եմմ բայց լավ աղջիկը մասնագիտություն չէ․․․

-Դուք երգ ունե՞ք, որ Ձեր ապրած պատմության հիման վրա է գրվել։

-Իմ գրած բոլոր երգերը իմ ապրումների վրա են գրվել։ Ենթադրենք այդ շրջանում ես տխուր եմ եղել, ինչ-որ առումով ինձ լքված եմ զգացել՝ պարտադիր չէ, որ ինչ-որ մարդու կողմից լինի, այդպիսի երգ եմ գրել։ Այդպիսի շրջաններ բոլորիս մոտ են լինում, որ ընկճված ես, անբացատրելի տխրություն ես զգում, մենակություն ես զգում, ինչ-որ չհասկացված վիճակ է։ Բոլոր տեսակի ստեղծագործությունները պետք է ունենան զգացմունքային ֆոն, եթե կոմպոզիտորը հենց այնպես նստել, գրել է՝ դա ոչ մեկին չի հուզի։

-Աննա, ի՞նչ եք կարծում՝ Ձեր կարիերայի պիկն արդեն անցյալո՞ւմ է, թե՞ մտածում եք այն ապագայում նոր թափ կստանա։

-Իմ կարիերայի պիկերից մեկը արդեն անցյալում է։ Պիկեր եղել են տարբեր տեսակի, տարբեր որակի։ Չեմ կարող գուշակել՝ ապագայում կունենա՞մ, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, որ բոլոր տեսակի երգիչների ճանապարհն անկանխատեսելի է։ Դա կախված է նաև երգից, եթե երգը հաջողություն ունեցավ և սիրվեց, ավելի շուտ հայտնի կդառնաս․․․

-Դուք ունեք «Շուշի» երգը, որը շատ սիրվեց հանրության կողմից, հիմա ի՞նչ էմոցիաներով եք երգում այդ երգը։

-Հիմա այդ երգը չեմ երգում։ Կենդանի կատարմամբ երբեք այդ ստեղծագործությամբ հանդես չեմ եկել։  Նույնիսկ ձայնագրությունն աննկարագրելի ծանր անցավ․․․Ընդհանրապես, մտնում եմ ստուդիա մեկ-երկու դուբլ գրում եմ, դուրս եմ գալիս, «Շուշի» երգի պարագայում երկար պատմություն էր, որովհետև ես խեղդվում էի, չէի կարողանում երգել․․․

Երգը դուրս գալուց հետո շատ քարկոծվեց, ասում էին՝ ինչո՞ւ ես այդ ծանր թեման վերցրել։ Ամբողջ կյանքում երգել ենք «Մուշ ու Սասուն հայոց պարծանք», ինչո՞ւ կարելի է երգել Մուշ ու Սասուն և չի կարելի երգել Շուշի։ Միայն այն պատճառով, որ Մուշն ու Սասունը ձեր ժամանակ չենք կորցրե՞լ, իսկ Շուշին ձեր ֆիզիկական գոյության ժամանա՞կ ենք կորցրել․ այսինքն՝ նա ձեզ չի ցավեցնում, սա ցավեցնո՞ւմ է։ Ես այդ տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ։

-Հե՞շտ է ծնվել բժշկի ընտանիքում և դառնալ երգչուհի։

-Հայրս է մեղավոր, որ ես բժիշկ չդարձա, որովհետև ասաց՝ եթե դու որոշել ես երգել, պարտադիր չէ անատոմիայի ատլասներն անգիր անել։ Հիմա զղջում եմ, որ բժիշկ չեմ դարձել, որովհետև ես քիմիա եմ պարապել, կենսաբանություն եմ պարապել։

-Բայց դա նաև տեսակի հարց է, կկարողանայի՞ք Ձեր կարծիքով։

-Կարծում եմ, այո՛, ես լավ վնասվածքաբան կդառնայի։ Ինձ դուր է գալիս այդ մասնագիտությունը։ Հիմա ես ունեմ ընկերներ, ովքեր բժշկության մեջ են ու ես անընդհատ քիթս մտցնում եմ իրենց գործերի մեջ և հարցուփորձ եմ անում․ մի հատ բացատրի՝ սա ինչպե՞ս արեցիր, սա ի՞նչ է և այլն։

-Իսկ հայրիկը պատմո՞ւմ է իր փորձից, իր պրակտիկայից։

-Իհարկե, ես գինեկոլոգիայից ահագին գիտելիքներ ունեմ (ծիծաղում է)։

-Կարող ենք նաև այսպես մտածել եթե Ձեր հայրը մարմնի բժիշկ է, Դուք էլ՝ հոգու։

-Այո, այդպես գուցե կարող եմ մխիթարվել (ծիծաղում է)։

-Աննա, իսկ երբևէ մտածե՞լ եք՝ ինչպիսին կլինի Ձեր ապագա ընտանիքը, արդյոք Ձեր այսօրվա ընտանիքին նման կլինի։

-Ես հիմա մտածում եմ՝ արդյոք կլինի՞ այդ ընտանիքը։ Մի քիչ մեծացել եմ և ավելի բծախնդիր եմ դարձել այդ հարցում։ Չեմ կարողանում հաշտվել շատ բաների հետ, նույնիսկ մանրուքներն են սկսել վրաս ազդել։ Ես հիմա միանակ եմ երջանիկ, և կենտրոնացել եմ ավելի շատ գործի վրա։

-Իսկ տղամարդու մեջ առաջին հերթին ի՞նչն եք գնահատում հասարակության մեջ զբաղեցրած դիրքը, արտաքինը, բնավորությունը, ինչը՞։

-Իմ կյանքում այնպիսի շրջան է, որ ես չեմ ուզում իմ կողքին որևէ մեկը լինի, բայց կարծում եմ տղամարդն առաջին հերթին պետք է լինի տղամարդ՝ բառիս լայն իմաստով։ Ես պետք է այդ տղամարդու կողքին ինձ կին զգամ։ Ես պատրաստ եմ դժվարություններ տանել, բայց ես պետք է զգամ, որ մեր  միջի տղամարդն ինքն է։ Դա հիմա այնքան բարդ պրոբլեմ է դարձել, դա նաև նրանից է, որ աղջիկները շատ են, տղաները՝ քիչ, և մտածում են՝ վայ այս նազս չտարավ, կապրիզս չտարավ և այլն։ Ժողովուրդ դուք լո՞ւրջ մտածում եք, որ դուք պետք է կապրիզ անե՞ք։ Ես պետք է հասկանամ, որ իմ կողքին կա մեկն, ում վրա ես կարող եմ հենվել, որ պահի տակ ես ինձ կարող եմ զգալ անկարող և թույլ, բայց իմանալ, որ իմ կողքին կա մարդ ով ինձ կօգնի այդ իրավիճակից դուրս գալ։ Ինձ մոտ միշտ հակառակն է եղել, ես եմ միշտ ասում, թե հանգստացի ամեն ինչ լավ կլինի, կլուծենք այդ հարցը․․․Չէ եթե այդպես պետք է լինի էլ չեմ ուզում, ավելի լավ է մենակ մնամ։

-Բոլորին նույն բնութագիրը տալ ճիշտ չէ, կարծում եմ։

-Իհարկե, նաև կան ուրիշ տիպի տղամարդիկ, և ես այդպիսինին մի օր վստահաբար կհանդիպեմ․․․Հա, բայց լավ կլինի, որ  շուտ հանդիպեմ, կյանքն անցնում է (ծիծաղում է)։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը