Հարյուրամյա ամերիկուհին պատմել է իր երկարակեցության գաղտնիքը
Միացյալ Նահանգների հարյուրամյա բնակչուհին պատմել է, թե ինչն է օգնել ապրել, պահպանել եռանդը մարմնում և հոգում․ այս մասին հայտնում է USA Today-ը։
Մարիամ Թոդը՝ Նյու Ջերսիից ծնվել է 1924 թվականի հունիսի 11-ին։ Նա իր կյանքի մեծ մասն աշխատել է կահույքի խանութում, որը նրա ծնողները բացել են 1929 թվականին։ Այժմ Թոդը դեռ շարունակում է կառավարել բիզնեսը՝ օգնելով իր երեխաներին ու թոռներին։ Նրա խոսքով՝ իր աշխատանքային շաբաթը առնվազն 50 ժամ է։
«Նման կյանքը բոլորի համար չէ, բայց ինձ սազում է։ Մայրս նույնպես այսպիսին էր, գնում էր խանութ մինչև իր կյանքի վերջին օրերը»,- ասել է ամերիկուհին։
Հրազատների խոսքով Թոդը այդ տարիքում մեքենա է վարում, սիրում է զանազան ուտեստներ պատրաստել, որոնց բաղադրիչների մեծամասնությունը աճեցնում է իր այգում։
«Ես փորձում եմ ճիշտ սնվել, լավ քնել և ճիշտ ապրել»,- կատակել է Թոդը այն հարցին, թե որն է նրա երկար և ակտիվ կյանքի գաղտնիքը:
Կինն ընդգծել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել, քանի որ չի պատկերացնում, թե ինչով է զբաղվելու ազատ ժամանակով։