Ոչ պաշտոնական տվյալների՝ Ղալիբաֆը և Փեզեշքիանն հավաքած ձայների քանակով գրեթե հավասար են. իրանագետ
Իրանական տելեգրամյան ալիքները ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածում նախագահական ընտրություններում հիմնական երեք թեկնածուների՝ Իրանի տարբեր նահանգներում առաջատար լինելու մասին։ Տեղեկացնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ըստ այդմ, պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանն առաջատար են յուրքանչյուրը 12-ական նահանգներում, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլին առաջինն է 7 նահանգում։
Դատելով կրկին ոչ պաշտոնական տվյալներից, Ղալիբաֆը և Փեզեշքիանն առայժմ հավաքած ձայների քանակով գրեթե հավասար են առաջ ընթանում։
Պետք է նկատել սակայն, որ սրանք բացառապես ոչ պաշտոնական տվյալներ են»,- գրել է իրանագետը։
Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնին հավակնող հիմնական երեք թեկնածուներ են համարվում պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սայիդ Ջալիլին և բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։ Փորձագետների կարծիքով՝ ընտրությանը կմասնակցի քվերակելու իրավունք ունեցող իրանցիների մոտ 50-60 տոկոսը։ Չի բացառվում, որ թեկնածուներից ոչ ոք առաջին փորձից չի ստանա ձայների անհրաժեշտ քանակը, և ընտրական գործընթացը կտեղափոխվի երկրորդ փուլ։