Եկեղեցու բակում թողնված երեխան վերադարձել է տուն. ՆԳՆ ոստիկանություն
Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվել է ընտանիքի հետ։ Ոստիկանության, «Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:
«Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը։
Մայիսի 8-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել էր առանց խնամքի թողնված երեխա և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նորածինը մայիսի 15-ին բժշկական կենտրոնից դուրս էր գրվել և տեղափոխվել մանկատուն։
Ոստիկանությունը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում, աջակցել են նորածնի մորը հայտնաբերելու և բալիկի հետ միավորվելու հարցում։
Մանկատան աշխատակիցները հուզված էին: Սովորել և կապվել էին երեխային, բայց նաև ուրախ էին, որ նա միավորվեց ընտանիքի հետ։ Իսկ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում կպահի փոքրիկին, կլինի նրա և մայրիկի կողքին»,- ասվում է տեղեկատվության մեջ։