ՌԴ-ն հույս ունի Փաշինյանից պարզաբանում ստանալ «անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության» մասին․ Պեսկով
Երևանի հետ շփումներում Մոսկվան ակնկալում է տեղեկություն ստանալ՝
ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը,երբ խոսում էր «անվտանգության ոլորտում հարաբերությունների
դիվերսիֆիկացնելու» մասին․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ, ամերիկյան The Wall
Street Journal-ին տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ արցախյան իրադարձություններից
հետո Երևանն անվտանգնության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտություն
է տեսնում։
«Մենք հակված չենք The Wall Street Journal-ը համարել որպես սկզբնաղբյուր,
այդ պատճառով դեռ պետք է հասկանան՝ ինչ է ասել պարոն Փաշինյանը։ Մենք մեր հայ բարեկամներից
ակնկալում ենք այս մասին ամբողջական տեղեկություն ստանալ։ Եվ, իհարկե, Ռուսաստանի և
Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով։ Ուստի
մենք շարունակում ենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, և այդպես էլ շարունակելու
ենք, ունենք շատ լայն օրակարգ»,-ասել է Պեսկովը։
Նա նշել է նաև, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը՝ խաղաղության
պայմանագրի շուրջ համաձայնության հասնելու համար։