Թուրքիայում Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար դատապարտված լրագրողներն արդարացվել են
Թուրքական ընդդիմադիր «bianet» լրատվական կայքում հրապարակված «Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի գլխագրերը» խորագրով գրքի ծանոթագրության համահեղինակ-լրագրողներ Էլիֆ Աքգյուլն ու Հալուք Քալաֆաթը արդարացվել են․ տեղեկացնում է Ակոս լրատվականը։
Լրագրողներին մեղադրանք էր ներկայացվել 2015-ին, 2018-ին և 2019-ին հրապարակված ընդհանուր առմամբ 6 լրատվական հոդվածում օգտագործված բառապաշարի համար և նրանց նկատմամբ «Թուրք ազգի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու» մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել:
Հուլիսի 2-ին տեղի ունեցած լսումներին, որի ընթացքում և արդարացվել են լրագրողները, Աքգյուլն ասել է, որ ինքը դատարանում է պարզապես մի գրքի ծանոթագրություն գրելու համար:
«Մեղադրական եզրակացության մեջ չի հստակեցվում, թե որ արտահայտություններն էին վիրավորական տարր պարունակում և ում էին վիրավորում: Ըստ էության, դատախազի եզրակացությունը կրկնում է մեղադրականը:
Մենք մեր պաշտպանությունը կազմակերպել ենք, մտածելով, թե դատախազը կարող է վիրավորվել Հայոց ցեղասպանություն արտահայտությունից, սակայն գուցե դատավորը շաղկապների հետ կապված խնդիր ունի: Գուցե մեղք է համարվել իմ «և» շաղկապի օգտագործումը: Չենք կարող հստակ իմանալ: Բայց որպես արդյունք՝ ոչ շաղկապ օգտագործելս է մեղք, ոչ թարգմանություն անելս, ոչ էլ Հայոց ցեղասպանություն ասելս»,-եզրափակել է իր խոսքը Աքգյուլը: