Հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի
Հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան․ որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ, իսկ մյուս մասը 2-րդ ընթերցմամբ քննարկման համար նախատեսված նախագծեր են:
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը ավարտվել է հունիսի 20-ին, իսկ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերից:
Արտահերթ նստաշրջան նախաձեռնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս պահին առկա են օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկումը նպատակահարմար է կազմակերպել մինչև սեպտեմբերի հերթական նիստերի մեկնարկը:
Առաջարկվում է հուլիսի 11-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկու ընթերցում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: