Սլովակիայի վարչապետի դեմ ուղղված մահափորձը որակավորվել է որպես ահաբեկչություն
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձը վերաորակվել է որպես ահաբեկչություն. այս մասին Facebook-ում հայտնել է Սլովակիայի գլխավոր դատախազ Մարոշ Ժիլինկան:
«Այսօր մեղադրյալին նախազգուշացվել է այն արարքի իրավական դասակարգման փոփոխության մասին, որի համար նա մեղադրվում էր», – գրել է Ժիլինկան:
Ապացույցների հիման վրա քրեական գործը կդասվի որպես առանձնապես ծանր հանցագործություն՝ ահաբեկչություն, հավելել է նա։
Ֆիկոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին, 71-ամյա գրող Յուրաջ Ցինտուլան ատրճանակով հինգ անգամ կրակել է քաղաքական գործչի վրա: Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակից, ազդրից, ստամոքսից և ուղղաթիռով տեղափոխվել Բրատիսլավայի հիվանդանոց։
Սլովակիայի վարչապետը հայտնել է, որ մտադիր է վերադառնալ իր պարտականություններին մինչև հունիսի վերջ – հուլիսի սկիզբ։ Հուլիսի 1-ին Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտնել է, որ Ֆիկոյի վիճակն այնքան է բարելավվել, որ նա ակտիվորեն մասնակցել է անցած շաբաթ տեղի ունեցած քննարկումներին։