23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն կրկնում է Ուկրաինայի ուղին. ռուս քաղաքագետ

ՀՀ-ն կրկնում է Ուկրաինայի ուղին. ռուս քաղաքագետ

Հայաստանը վաղուց է գնում Ուկրաինայի ճանապարհով, «Известия»-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Յուրի Սվետովը։

Նրա խոսքով՝ 2018-ին Փաշինյանը իշխանության եկավ մի շատ հստակ նպատակով՝ Հայաստանը կտրել Ռուսաստանից և շարժվել դեպի Արևմուտք։ Քաղաքագետի կարծիքով՝ ԼՂ-ն բեռ էր Հայաստանի վրա, որից Փաշինյանը ցանկանում էր ազատվել.

«Փաշինյանը հստակ որոշեց, որ այս բեռը պետք է դեն նետել: Նա պարտվեց Ադրբեջանի հետ հակամարտությունում, նա չէր պատրաստվում պաշտպանել Ղարաբաղը, չճանաչեց այն և իրական աջակցություն չցուցաբերեց։ Արդյունքում՝ ժողովուրդը հեռացավ Ղարաբաղից», – կարծում է Սվետովը։ Միաժամանակ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի կորստի մեջ:

«Եվ ամբողջ անցած տարվա ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանն անընդհատ մեկնել է ԱՄՆ՝ բանակցություններ վարելու: Գումարած, Հայաստանն ունի ԱՄՆ ամենամեծ դեսպանատունը հետխորհրդային տարածքում։ Հիմա հնչում են հայտարարություններ՝ ՀԱՊԿ-ը նրան պետք չէ, նա գնում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս ամենը տանում էր դրան: Բացի այդ՝ ԱՄՆ-ի հետ կնքվում է ռազմավարական գործընկերության պայմանագիր»,- նշել է փորձագետը։

Ըստ Սվետովի՝ սա «բավականին տհաճ իրավիճակ է»։

«Այստեղ, իհարկե, կարևոր է, թե ինչպես իրենց կպահեն Թուրքիան և Իրանը: Մենք Հայաստանի հետ սահման չունենք, նրա հետ կարող ենք շփվել միայն Վրաստանի, Թուրքիայի, Իրանի տարածքներով։ Կարծում եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Էրդողանի վերջին հանդիպումն առանց հայկական խնդրի քննարկման չի անցել»,- եզրափակել է քաղաքագետը։