Այսօր՝ Հոկտեմբերի
25-ին բրիտանական Մեն կղզում մեկնարկել է ՖԻԴԵ-ի Grand Swiss մրցաշարը։
Խաղային առաջին օրը Հայաստանը ներկայացնող շախմատիստներից իրենց պարտիաները հաղթանակով
են ավարտել Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը։
Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ
Յակուբոևի նկատմամբ, Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Պարագվայը ներկայացնող
Աքսել Բախմանին, իսկ Հրանտ Մելքումյանը սև աղաքարերով առավելության է հասել Իսրայելի
ներկայացուցիչ Ալոն Գրինֆիլդի նկատմամբ։
Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն
ներկայացնող Լևոն Արոնյանը,որը սև խաղաքարերով առավելության է հասել Նիդերլանդների
ներկայացուցիչ Մաքս Վարմերդամի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել
ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի հետ, Շանթ սարգսյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է Ուզբեկստանի
հավաքականի առաջատար, արագ շախմատի աշխարհի գործող չեմպիոն Նոդիրբեկ Աբդուսատորովին,
Մանուել Պետրոսյանն էլ սպիտակ խաղաքարերով զիջել է Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբային։
Կանանց առաջնությունում հանդես եկող Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Մարիամ Մկրտչյանն
ու Էլինա Դանիելյանը իրենց պարտիաները ոչ ոքի են ավարտել համապատասանաբար Ուկրաինայի
ներկայացուցիչ Աննա Աշենինայի և Հունգարիայի ներկայացուցիչ Ջուլիանա Տորբեի հետ։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները
իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարին։
Մրցաշարը անցկացվում է 11 տուրով, երկրորդ տուրը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 26-ին։