ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները
ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ Noble Partner խորագրով համատեղ զորավարժությունները։ Դրանք անցկացվելու էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։ Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել Պենտագոնը։
«Միացյալ Նահանգները նախաձեռնել է ամերիկա-վրացական երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում։ Այս վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի Noble Partner զորավարժությունների անցկացումը»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ այդ ժամանակահատվածը հարմար չէ Վրաստանում լայնածավալ զորավարժությունների անցկացման համար։ Չնայած դրան` Վրաստանի զինված ուժերի հետ համագործակցությունը կշարունակվի։
Վրաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ ափսոսում է վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգման համար։