Կոպենհագենում զբոսաշրջիկներին անվճար սնունդ և խմիչք կտան՝ հեծանիվ վարելու կամ աղբը հավաքելու դիմաց
Կոպենհագենում հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 11-ը զբոսաշրջիկները կպարգևատրվեն անվճար սննդով և ժամանցային միջոցառումներով, եթե քաղաք այցելելիս կատարեն էկոլոգիապես անվտանգ առաջադրանքներ, ինչպիսիք են՝ աղբ հավաքելը, հասարակական տրանսպորտով ճանապարհորդելը կամ քաղաքում հեծանիվ վարելը․ գրում է BBC-ն՝ հղում անելով քաղաքի զբոսաշրջային խորհրդին:
Նախաձեռնության շրջանակներում այցելուները կարող են իրենց աշխատանքի դիմաց պահանջել անվճար լանչ, սուրճ, գինի և կայակների վարձույթ:
Նախաձեռնության նպատակն է փոխհատուցել զբոսաշրջության «բնապահպանական բեռը», հայտնում է Կոպենհագենի զբոսաշրջային խորհուրդը:
Ծրագիրը «հիմնված է վստահության վրա», այսինքն՝ տեսարժան վայրերում դժվար թե զբոսաշրջիկներից ապացույցներ պահանջեն, որ կատարել են այս կամ այն գործողությունը: «Որոշ տեսարժան վայրերում կարող եք ցույց տալ ձեր նկարը՝ հեծանիվ քշելիս, կամ հասարակական տրանսպորտի ձեր տոմսը», – ասել են քաղաքի զբոսաշրջային խորհրդից։