07 Հոտ
2024
26.3° c ԵՐԵՎԱՆ
23.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ զինանշանը 104 տարեկան է

ՀՀ զինանշանը 104 տարեկան է

104 տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը հաստատեց Ալեքսանդր Թամանյանի ու նկարիչ Հակոբ Կոջոյանի համատեղ ջանքերով ստեղծված պետական զինանշանը։

Կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ զինանշանները: Վահանի երկու կողմերում առյուծն ու արծիվն են, իսկ կենտրոնում Արարատը:
Այն Արարատը, որն այսօրվա իշխանության ղեկավարի պնդմամբ՝ չի համապատասխանում իրական Հայաստանի մասին ընկալումներին, չնայած այն պատկերված է եղել նաև ՀԽՍՀ զինանշանի վրա:
1992 թվականին ոչ միայն վերականգնվեց Առաջին Հանրապետության զինանշանը, այլև ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենք, որը հետագայում ներառվել է ՀՀ սահմանադրության մեջ։ Ըստ այդ օրենքի՝ արգելվում է փոփոխության ենթարկել զինանշանը, զինանշանի պատկերներն ու բաղադրիչները պատճենել այլ զինանշաններում, տարբերանշաններում և խորհրդանիշներում։

Սահմանադրության համաձայն՝ այս կետերը խախտելը համազոր է պետական խորհրդանիշներն անարգելուն և առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։

ՀՀ Քրեական օրենսգիրքը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը, պետական դրոշը կամ պետական օրհներգն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Հատկանշական է, որ վերջին շրջանում հաճախ է խոսվում Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին։ Դրա մասին խոսում են կա՛մ իշխանականները, կա՛մ Ադրբեջանի ղեկավարությունը։ Փաստորեն միայն Սահմանադրության փոփոխությամբ է հնարավոր Հայաստանի պետական զինանշանից հեռացնել որևէ բաղադրիչ, հակառակ պարագայում դա կդիտվի որպես քրեորեն պատժելի արարք։