Ռուսական կողմը խիստ ափսոսանք է հայտնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության կապակցությամբ․ Գալուզին
Ռուսական կողմը խիստ ափսոսանք է հայտնում Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության կապակցությամբ․ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է РИА Новости-ն։
«Երևանը, մտահոգությունները քննարկելու համար կառուցողական մոտեցում դրսևորելու փոխարեն, ցավոք, այլ ճանապարհ է ընտրել։ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով»,- ասել է Գալուզինը:
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ այդպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, «Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում»։
Գալուզինը, խոսելով անվտանգության ոլորտի մասին, նշել է որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունների մասնակից։