Դեռևս ամիսներ առաջ
եվրոպական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր
մի թեզ, ըստ որի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն պետք է դառնա
«ռեգիոնալիզմը»: Այս հնարքով նա փորձեց, մի կողմից, սվաղել խոշոր գեոպոլիտիկ խաղացողների
ոտքի տակ ընկնելու փաստը, մյուս կողմից՝ լեգիտիմ փաթեթավորում ստեղծել Անկարայի հետ
անթաքույց սիրախաղի համար:
Փաշինյանի պատկերացումների
մեջ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի դիտարկվում Հարավային Կովկասի մաս, ինչն, անշուշտ,
ոչ միայն չիմացության արդյունք է, այլև խոշոր գեոպոլիտիկ բացթողում:
Անկախ Արցախում ՌԴ
խաղաղապահ առաքելության ճակատագրից և Գյումրիի ռազմաբազայի հեռանկարից, Ռուսաստանն
այս տարածաշրջանի մի մասն է, և այստեղից դուրս գալ չի կարող, անգամ եթե դուրս գա Հայաստանից:
Ռուսաստանը սահմանակից է մնում Վրաստանին և Ադրբեջանին, Սև ծովի և Կասպից ծովի «տերերից»
մեկն է, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի քաղաքական, միջազգային պատրոնը:
Ուստի, տարածաշրջանի
անվան տակ Անկարայի և Բաքվի հետ մերձեցումը քողարկել չի ստացվի, քանզի միանգամից հորիզոնում
երևում են Մոսկվան և Թեհրանը, որոնց հետ Փաշինյանը՝ արևմտյան վեկտորի ազդեցության ներքո,
ջերմացնող կապեր, մեղմ ասած, չի զարգացնում:
Այս համատեքստում ակնբախ
էր Թեհրանում կայացած 3+2 ձևաչափով հանդիպմանը նիկոլական ԱԳ նախարարի դիսկոմֆորտը:
Փաստորեն, Արարատ Միրզոյանը
արարողակարգային շփում ունեցավ ընդունող երկրի՝ Իրանի հետ, հանդիպեց Թուրքիայի նախարարին,
ոչ ֆորմալ շփում ունեցավ Ադրբեջանի գործընկերոջ հետ, և, ըստ բաց աղբյուրների, որևէ
աշխատանքային կոնտակտ չհաստատեց ռուսաստանյան իր վիզավիի հետ: Հաշվի առնելով Ռուսաստանի
հետ ձնագնդիի պես աճող խնդիրների ծավալը, նման հանդիպման բացակայությունը ոչ թե տարօրինակ
է, այլ օրինաչափ:
Փաշինյան-Պուտին հարթակում
պահպանվող դիվանագիտական պոլիտեսից այն կողմ այլևս անթաքույց են բոլոր մակարդակներում
տարիների ընթացքում ձևավորված կապերի սառեցումը, եթե ոչ խզումը:
Հայաստանի նման դիրքավորումը
կտրուկ լայնացնում է Ադրբեջանի դիվանագիտական դաշտը: Ալիևը, մի կողմից, «լավամարդ»
է լինում Մոսկվայի մոտ՝ էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը, մյուս կողմից՝ խաղի պայմաններ
է թելադրելու Արևմուտքին՝ վերջինից ստանալով փաստացի երաշխիքներ, որ իր հանդեպ սանկցիաներ
չեն կիրառվելու՝ անգամ Արցախի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուց հետո:
Ուստի նա կարող է թե՛
կրկին բոյկոտել ԵՄ հարթակը և չգնալ Բրյուսել, թե՛ գնալու դիմաց նոր զիջումներ կորզել
Հայաստանից, և/կամ Եվրամիությունից:
Նիկոլի քաղաքականության
շնորհիվ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ալիևի աստեղային ժամը միջազգային ասպարեզում ոչ
միայն չի ավարտվում, այլև նոր թափ է ստանում:
Փաշինյանը նմանվել
է ամբողջ գիշերը խաղատանը միևնույն թվի վրա անընդմեջ և ապարդյուն դրույք կատարող խաղամոլի,
որի հիվանդագին մոլուցքը միայն կորուստներ է բերում:
Իրականությունն այնպիսին
է, որ Թեհրանի հանդիպումից բացակայող Վրաստանը շատ ավելի սուբյեկտային էր և ներկա,
քան ֆիզիկապես մասնակցած, բայց վաղուց իր կշիռը զրոյացրած նիկոլական Հայաստանը:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
24.10.2023թ.