26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեոպոլիսի եպիսկոպոսը հանդիպել է Վեհափառ Հայրապետին․ դեղորայքային օգնություն կփոխանցվի արցախցիներին

Նեոպոլիսի եպիսկոպոսը հանդիպել է Վեհափառ Հայրապետին․ դեղորայքային օգնություն կփոխանցվի արցախցիներին

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
ընդունել է Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու պետ Ամենապատիվ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոս Պապաքրիստոմուի
օգնական Նեոպոլիսի Պորֆիրիոս եպիսկոպոսին։

Նորին Սրբությունը,
ողջունելով Սրբազան Հոր այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր շնորհակալությունը հայտնեց
Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցուն այս դժվարին օրերին հայրենազրկված արցախահայությանը և Հայաստանին
ցուցաբերվող զորակցության համար։

Վեհափառ Հայրապետը
ընդգծեց, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն պատմական համանմանություններ, և իրենց
զորեղ հավատքով կարողացել են դիմագրավել բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ։

Զրույցի ընթացքում
Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին՝
հույս հայտնելով, որ առ Աստված հավատքով և Տիրոջ զորակցությամբ մեր ժողովուրդը կհաղթահարի
Ադրբեջանի կողմից իրագործված ցեղասպանական գործողությունների ծանր հետևանքները։

Իր հերթին Պորֆիրիոս
Սրբազանը նշեց, որ իր այցը նպատակ ունի առողջապահական ոլորտում դեղորայքային օգնություն
ցուցաբերել արցախահայությանը և Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը հայտնել հայ
ժողովրդին։

Վերջում Հայոց Հայրապետն
ի դեմս Պորֆիրիոս եպիսկոպոսի՝ իր եղբայրական սերն ու ողջույնը փոխանցեց Կիպրոսի Ամենապատիվ
Տ. Գեորգիոս արքեպիսկոպոսին։