03 Սեպ
2024
30.1° c ԵՐԵՎԱՆ
21.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Microsoft-ի զանգվածային  խափանումները խնդիրներ են առաջացրել տարբեր ավիաընկերությունների մոտ

Microsoft-ի զանգվածային խափանումները խնդիրներ են առաջացրել տարբեր ավիաընկերությունների մոտ

Microsoft-ի ծրագրային անսարքությունները մեծամասշտաբ խնդիրներ են առաջացրել․ հայտնում է Downdetector պորտալը։

Ըստ տվյալների՝ արդեն ստացվել է 519 բողոք։ Օգտատերերի 36%-ը դժգոհում է հավելվածի աշխատանքից, 33%-ը՝ կայքից, ևս 31%-ը խնդիրներ ունի մուտք գործելու թույլտվության հետ։

Բացի այդ, ամերիկյան United Airlines, Delta Airlines և Allegiant Airlines ընկերությունները դադարեցրել են թռիչքները կապի խնդիրների պատճառով, ասվում է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում։ Այս պահին տեղեկություն չկա, թե կոնկրետ ինչումն է խնդիրը։

Ինչպես հայտնում է CNN-ը, Microsoft-ի ծրագրային անսարքության պատճառով Frontier ավիաընկերությունը դադարեցրել է իր օդանավերի թռիչքները Միացյալ Նահանգների ողջ տարածքում, չեղարկվել է 131 չվերթ, ևս 223-ը հետաձգվել է։ Սակայն որոշ ընկերություններ, այդ թվում՝ American Airlines-ը և United Airlines-ը, նշել են, որ ձախողումն իրենց վրա չի ազդել։

Բեռլինի Բրանդենբուրգի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը տեխնիկական խնդիրների պատճառով։ Այժմ ինքնաթիռները չեն կարող ոչ թռիչք, ոչ վայրէջք կատարել, գրում է Bild թերթը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին։ RBB ռադիոկայանի չհաստատված տեղեկությունների համաձայն՝ տեղի է ունեցել սերվերի զանգվածային խափանում, և գործարկվել են արտակարգ իրավիճակների համակարգեր: Տեխնիկական պատճառներով սպասվում են նաև ուղևորների գրանցման ուշացումներ։

Նաև թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը հայտնել է իր տեղեկատվական համակարգերի խափանումների մասին, որոնք խնդիրներ են առաջացրել տոմսերի ամրագրման և գրանցման հետ կապված։ Ավիաընկերության հավելվածն անհասանելի է եղել հուլիսի 19-ի առավոտյան, և կայքերը նույնպես չեն բեռնվել։