Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ
ԱՄՆ նախկին նախագահ և պետության ղեկավարի թեկնածու Դոնալդ Թրամփը Truth social սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին՝ զրույցն անվանելով «շատ լավը»։
«Այսօր ավելի վաղ ես և Զելենսկին շատ լավ հեռախոսազրույց ունեցանք: Նա շնորհավորեց ինձ Հանրապետականների ազգային համագումարի շատ հաջող անցկացման և Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու դառնալու կապակցությամբ», – ասվում է Թրամփի էջում տեղադրված հայտարարության մեջ:
Նախկին նախագահի խոսքով, եթե նա հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում նոյեմբերին, նա «խաղաղություն կբերի և կավարտի պատերազմը»։
«Երկու կողմերն էլ կարող են համախմբվել և բանակցել համաձայնության շուրջ, որը վերջ կդնի բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում»,- խոստացել է Թրամփը։
Զելենսկին իր հերթին X սոցիալական ցանցում գրել է, որ նախագահի թեկնածուի հետ պայմանավորվել է ապագա անձնական հանդիպման մասին՝ խաղաղությանն ուղղված քայլերի քննարկման համար։