ԱՄՆ-ում և Կանադայում վտանգավոր և հազվագյուտ հիվանդության բռնկում է տեղի ունեցել. կան զոհեր
ԱՄՆ-ում լիստերիոզի բռնկում է հայտարարվել, որն արդեն ընդգրկել է 12 նահանգ և խլել երկու մարդու կյանք, ևս 28-ը հոսպիտալացվել են․ հայտնում է Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը։
Վարակի զոհերն ապրում էին Իլինոյս և Նյու Ջերսի նահանգներում։ Հիվանդների մեծ մասը հայտնաբերվել է Մերիլենդում և Նյու Յորքում: Նախնական վարկածով տուժածները թունավորվել էին մթերային խանութներից գնված պատրաստի մսից և երշիկեղենից։
Այս շաբաթվա սկզբին Կանադայի իշխանություններն էին հայտարարել լիստերիոզի բռնկման մասին:
Այս երկրում երկու մարդ նույնպես մահացել է հիվանդությունից, ևս ինը հոսպիտալացվել են Օնտարիո, Քվեբեկ և Նոր Շոտլանդիա նահանգներում։ Ենթադրվում էր, որ վարակվածներն օգտագործել են բուսական ծագման զովացուցիչ ըմպելիքներ։
Մայիսի 17-ին հաղորդվել էր, որ Մոսկվայում լիստերիոզից տղամարդ է մահացել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ լիստերիոզը հազվադեպ և սննդամթերքով փոխանցվող ամենալուրջ հիվանդություններից է։ Մեկ միլիոն մարդու հաշվով տարեկան գրանցվում է հիվանդության 0,1-ից 10 դեպք։
Վարակիչ հիվանդությունը կարող է մահացու լինել չծնված երեխաների, նորածինների, 60 տարեկանից բարձր մարդկանց և թուլացած իմունային համակարգ ունեցողների համար: Բարձր ռիսկային սննդամթերքները ներառում են վերամշակված և պատրաստի մսամթերք (օրինակ՝ վերամշակված միս և երշիկեղեն), փափուկ պանիրներ և սառը ապխտած ձկնամթերք: