Գերմանիայի ոստիկանությունը ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակչից մի քանի ժամ առաջ ահաբեկչություն է կանխել Բեռլինի Բրայթշայդպլաց հրապարակում․ հայտնում է The Sun պարբերականը՝ հղում տալով իր աղբյուրներին։
«Ահաբեկիչների թիրախը եղել է Անգլիայի հավաքականի երկրպագուների ֆան-գոտին Բեռլինի Բրայթշայդպլաց հրապարակում։ Գերմանական ոստիկանությունը ստուգայցերի ընթացքում ձերբակալել է երեք կասկածյալի, ինչի շնորհիվ կանխվել է ահաբեկչական գործողությունը», — հայտնում է պարբերականը։
Նյութի հեղինակները հավելել են, որ բոլոր կասկածյալները նախկինում եղել են ոստիկանության կասկածյալների ցուցակում։ Աղբյուրների համաձայն՝ նրանց հեռախոսներում հայտնաբերվել է Բեռլինի հրապարակի և դրա վրա գտնվող եկեղեցու լուսանկարը։