
Ալիևի մանիպուլիացիան ու Փաշինյանի անգործությունը Հայաստանը զիջելու մասին են․ քաղտեխնոլոգ
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում երեք ժամանոց հարցուպատասխան էր կազմակերպել։ Քննարկման առանցքային թեմաներից մեկը Հայաստան- Ադրբեջան, այսպես կոչված, «խաղաղության» համաձայնագիրն էր։ Ալիևն ասել էր՝ պայմանագրում 80-90 տոկոսը համաձայնեցված է, մնացել է մեկ-երկու հարց կարգավորել։
«Բազմաթիվ անգամներ համոզվել ենք, որ Ալիևի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ ճիշտ են լինում, դա չէ հարցը, այլ նրա մանիպուլիացիաները»,- ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Այն, ինչ հնչում է Ալիևի շուրթերից, սովորաբար կարճ ժամանակ անց դառնում է իրականություն։ Հայաստանն էլ հակադարձում է հայտարարություններին՝ ասելով, թե դրանք ներքին լսարանի համար է միայն։ Վերջում պարզվում էր՝ ՀՀ գործող իշխանության հայտարարությունները կեղծ են, Ալիևինը՝ ճիշտ։ Դրա համար կարծում եմ այս հայտարարությունը հերթականներից մեկն է։ Բայց այնպես չէ, թե Ալիևը հայտնագործություն է արել, դրա մասին նա բազմիցս է հայտարարել»,- ասել է Հակոբյանը։
Ինչո՞ւ «խաղաղության» պայմանագիրը չի ստորագրվում․ խոչընդոտը, ըստ Հակոբյանի, առաջին հերթին ՀՀ Սահմանադրությունն է։ Նրանք ցանկանում են փոխել հատկապես Սահմանադրության «Անկախության հռչակագիրը», որտեղ ամրագրված է Արցախի հայկական լինելը։ Բացի այդ՝ Ալիևը ցանկանում է Հայաստանի օգնությամբ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Սահմանադրության փոփոխությամբ ու Մինսկի խմբի լուծարմամբ Ալիևը ցանկանում է դե յուրե ամրագրել Արցախի հայկական չլինելը։
«Սակայն եկեք հստակ հասկանանք՝ նման համաձայնագրերում, եթե կան չհամաձայնեցված հարցեր, նշանակում է ոչինչ էլ համաձայնեցված չէ։ Ալիևի հայտարարությունը, թե 80-90 տոկոս համաձայնեցված է, հստակ մանիպուլիացիա է»,- ասել է վերլուծաբանը։
Խոսելով Հայաստանի ճակատագրի մասին՝ Վիգեն Հակոբյանը հստակ ընդգծել է՝ գործող իշխանության օրոք երկիր է զիջվելու, Սահմանադրություն փոխվի, թշնամու պարտադրանքն ի կատար ածվի։