06 Հոտ
2024
26.2° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը ուզում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Հայաստանի օգնությամբ․ Տաթևիկ Հայրապետյան

Ալիևը ուզում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Հայաստանի օգնությամբ․ Տաթևիկ Հայրապետյան

Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ու ինչ-որ ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստանի Հանրապետություն․ Ալիևի նախապայմաններն են «խաղաղության» պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Ալիևն ու իր վարչակազմը այս մասին խոսում են հնարավորություն ընձեռված բոլոր դեպքերում՝ միջազգային ու ներքին լսարանի համար։ Ո՞րն է նպատակը՝ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է պարզաբանում։

«Ադրբեջանը միայնակ չի կարող ԵԱՀԿ Մինսկի խումբ լուծարել, դրա համար, դիմելով Հայաստանի «օգնությանը», պահանջում են համատեղ դիմել այդ հարցով, որովհետև միջազգային տեսանկյունից անընկալելի է․ հակամարտությունները պատերազմներով չեն լուծվում։ Եվ Ալիևը հույս է դնում Հայաստանի գործող իշխանության օգնության վրա, որ հասնի ագրեսիայով ձևավորված իրողությունների ամրագրմանը։ Պահանջելով Սահմանադրության փոփոխություն ու Մինսկի խմբի լուծարում՝ Ալիևը դե յուրե ուզում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ բացառելով հետագայում որևէ զարգացումից»,- ասել է ադրբեջանագետը։

Այդքանով Ալիևը, իհարկե, չի կշտանում․ նա հայտարարում է ինչ-որ ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու մասին։

«Ալիևի համար ամբողջ Հայաստանը Ադրբեջան է, նա երկու տարի է՝ դրա մասին է խոսում։ Նրանք ուզում են յուրացնել հայերիս տարածքը, ասել, թե այն ադրբեջանական է, և հայերը ադրբեջանցիներին իբր այստեղից քշել են։ Այս խոսույթով նրանք հարցականի տակ են դնում հայոց պետության գոյությունն ու հայերի ներկայության լեգիտիմությունը տարածաշրջանում»,- ասել է Հայրապետյանը։

Հայաստանից հակազդելով Ալիևի խոսույթին՝ ասում են, թե ամեն ինչ արվում է միայն ներքին լսարանի համար։ Մինչդեռ ադրբեջանագետը պնդում է՝ չի կարող երկու տարի շարունակ պետական ամբողջ ռեսուրսը ներդնել միայն ներքին լսարանի համար։

«Քարոզչությունը երբեք հենց այնպես չի արվում։ Օրինակ՝ երբ ֆաշիստական Գերմանիան պատերազմ էր սկսում, դրան նախորդում էր ռազմական հռետորաբանությունը։ Այսինքն՝ պատերազմական գործողություններին նախորդում են ուղերձները, դրանք բովանդակություն են ստեղծում։ Ադրբեջանը դա չի անում ներքին լսարանի համար, հենց այն պարզ պատճառով, որ դա անում է միջազգային հարթակներում՝ արտաքին դերակատարների հետ»,- ասել է ադբեջանագետը։