Հյուսիսային Կորեան աղբով լի փուչիկներ է արձակել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի ուղղությամբ
Հյուսիսային Կորեայի կողմից ուղարկված աղբով լի փուչիկներն իջել են Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում գտնվող նախագահական նստավայրի մոտ․ գրում է BBC-ն:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Փհենյանի կողմից արձակված փուչիկները վայրէջք են կատարում Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի տարածքում, որը համարվում է ոչ թռիչքային գոտի։
Նախագահի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ օդապարիկները հավաքելու համար դեպքի վայր է ուղարկվել քիմիական, կենսաբանական և ճառագայթային աղետների արձագանքման խումբ, սակայն նրանցում աղտոտման կամ անվտանգային սպառնալիք ներկայացնող ոչինչ չի հայտնաբերվել:
Փուչիկները վայրէջք են կատարել Սեուլի այլ հատվածներում ևս։ Իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուսափել փուչիկներին դիպչելուց և հայտնել դրանց մասին մոտակա ոստիկանական բաժանմունք:
Թե՛ Հյուսիսային, թե՛ Հարավային Կորեան օգտագործել են միմյանց տարածք փուչիկներ ուղարկելու տեխնոլոգիան 1950-ական թվականների Կորեական պատերազմից հետո իրենց քարոզչական արշավների ժամանակ։