Ֆրանկֆուրտի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները էկոակտիվիստների ակցիայի պատճառով
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները այն բանից հետո, երբ էկոակտիվիստները ակցիա են կազմակերպել օդանավակայանի թռիչքուղիների մոտ․ գրում է The Guardian-ը։
Օդանավակայանը ավելի վաղ X-ի իր էջում հրապարակում էր արել՝ ուղևորներին խնդրելով առայժմ չգնալ օդանավակայան։ Ավելի ուշ գրառումը ջնջվել է, և նոր գրառման մեջ նշվել է, որ «թռիչքներն աստիճանաբար վերականգնվում են»:
CNN-ի հաղորդմամբ՝ Letzte Generation էկոակտիվիստների խումբը հայտարարել է, որ «Օդանավակայաններն այն վայրերն են, որտեղ ակնհայտ է դառնում, որ այն, ինչ նախկինում սովորական էր համարվում, այսօր այլևս չենք կարող թույլ տալ․ գազն ու ածուխը սպառնում են մեր գոյությանը»։
Ցուցարարները պահանջում են, որ Գերմանիայի կառավարությունը միանա մինչև 2030 թվականը նավթից, գազից և ածուխից հրաժարվելու գլոբալ համաձայնագրին։