Ինչո՞ւ առ այսօր ՀՀ կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան
վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին կամ գոնե ծանուցել
նման մտադրության մասին․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ
Բեգլարյանը։
Նա նշել է, որ նման մասշտաբի ողբերգությունը, երբ շուրջ 500 անձ
է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական
ու համազգային սգի հիմք է:
«Որքան էլ փաստացի սուգը շատ է մեր կյանքում, սակայն այդպիսի խորհրդանշական
պետական միջոցառումները և դրանց բացակայությունը ցուցադրում են իշխանությունների գաղափարախոսական
վերաբերմունքն իրադարձություններին:
Սուգ հայտարարելու վերջին հնարավորությունը կհամարեի հոկտեմբերի
29-ին՝ պատերազմի մեկնարկի 40-րդ օրը, որն, իմ կարծիքով, պետք է առնվազն եռօրյա լինի:
Համեմատության համար նշեմ, որ 2022թ. օգոստոսին երկօրյա սուգ էր
հայտարարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին,
որի ողբերգության մասշտաբներն անհամեմատ փոքր էին»,- գրել է նա: