Պաշտպանության նախկին նախարար, այժմ կալանավորված Դավիթ Տոնոյանը
հարցազրույց է տվել Mediamax-ին։
Անդրադառնալով հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ է առաջարկում,
Տոնոյանը պատասխանել է․ «Հայաստանի Զինված ուժերը բարոյահոգեբանական շոկային իրավիճակից
հանելու եւ մարտունակության նոր մակարդակի վրա դուրս բերելու համար պետք է առնվազն
5 տարի, իսկ ԱԺ ընտրություններ Հայաստանում կլինեն միայն 2.5 տարի հետո: Արդյո՞ք կառավարությունում
առկա է ռիսկերի գնահատում առաջիկա 5 կամ 10 տարվա համար, թե «խաղաղության պայմանագրի»
ստորագրումից կամ առավել եւս չստորագրելուց հետո ինչպիսին է լինելու մեր արտաքին եւ
պաշտպանական քաղաքականությունը: Գրեթե համոզված եմ, որ այդպիսի միջգերատեսչական վերլուծություն
կամ գնահատական իրավիճակին տրված չէ»:
Նա նշե է, թե խիստ կասկածում է, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը կառավարությունից
ստացել է ԶՈՒ կիրառման խնդիրները եւ նպատակները` նոր «հետ-Արցախյան» պայմաններում:
«Արդյո՞ք պաշտպանական բարեփոխումների տեմպը բավարար է: Ինչպես տեսնում
եմ, հայ-ադրբեջանական մոտ 1 000 կիլոմետրանոց սահմանի երկայնքով մարտական հերթապահությունը
մեծամասամբ շարունակում են իրականացնել ժամկետային զինծառայողները: Համոզված եմ, որ
հրատապ է միջազգային ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության «տասնապատկումը»,-ասել
է նա:
Տոնոյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են նաեւ աշխարհաքաղաքական
տեսանկյունից հաշվի առնել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ Հարավային Կովկասում «մնայուն
շահերը» եւ հավաքական Արեւմուտքի «մնայուն հավակնությունները»:
«Եթե այսօրվա իշխանություններն ունակ չեն այդպիսի հրատապ որոշում
կայացնել եւ գնում են հայ ժողովրդի դիմակայունության պաշարի մնացորդները սպառելու ճանապարհով,
ապա պետք է սեղմ ժամկետում գնալ նոր ընտրությունների՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն
տալով ընտրել այն ուժերին, որոնց կվստահեն ՀՀ անվտանգության ապահովման, դաշնակիցներին
ընտրելու կամ ոչ բլոկային չեզոքության կարգավիճակի ընտրության հարցը»,-ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։