23 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունները նախապատրաստում են Էրդողանի և Ասադի հանդիպումը

Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունները նախապատրաստում են Էրդողանի և Ասադի հանդիպումը

Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները վերջին ամսվա ընթացքում բանակցությունների երեք փուլ են անցկացրել երկկողմ հարաբերությունների կարգավորման և երկու երկրի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի միջև 2011 թվականից ի վեր առաջին հանդիպման կազմակերպման շուրջ. գրում է Türkiye թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Սկզբում Իրաքը քննարկվում էր որպես Էրդողանի և Ասադի հանդիպման վայր, այժմ Անկարան դիտարկում է նաև Թուրքիային սահմանակից Սիրիայի Քեսաբ անցակետում գագաթնաժողով անցկացնելու տարբերակը։

«Գործընթացը զարգանում է արագ տեմպերով, երկու առաջնորդներն էլ՝Էրդողանն ու Ասադը, ամենաուշը օգոստոսին համատեղ լուսանկար կանեն»,- գրում է Türkiye-ն։

Թուրքական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են մոտ ապագայում Էրդողանի եւ Ասադի հնարավոր հանդիպման մասին, այդ թվում՝ Մոսկվայում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հուլիսի 22-ին Daily Sabah թերթի համապատասխան հրապարակումը, ասել է, որ Ռուսաստանում օրակարգային է Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչների շփումների կազմակերպման հարցը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 23-ին Կրեմլում հանդիպել է սիրիացի իր գործընկեր Բաշար Ասադի հետ, սակայն հայտնի չէ, թե արդյոք բանակցություններում քննարկվել է Էրդողանի և Ասադի հանդիպման հարցը։

Երկու առաջնորդները ընկերներ էին մինչև Սիրիայում պատերազմը, սակայն 2011 թվականին Թուրքիան աջակցում էր Ասադի հակառակորդներին: