Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ
ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսն այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին
տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։
«Թիերի Կովաքսը Հայաստանում է՝ որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած
Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ, Հայաստանի բարեկամ Լորան Վոքիեի բանագնաց: Նա փոխանցել
է Լորան Վոքիեի ջերմագին ողջույնը սյունեցիներին ու Արցախից բռնի տեղահանված հայերին
և շեշտել, որ Ադրբեջանի գործողությունների մասին պետք է բարձրաձայնել և դատապարտել
դրանք, և որ իրենք նույնպես դա որակում են էթնիկ զտում:
Հենց այս համատեքստում նախօրեին Լորան Վոքիեի նախաձեռնությամբ, Օվերնյը-Ռոն-Ալպի
ռեգիոնալ խորհրդում բոլոր քաղաքական ուժերի կողմից միաձայն ընդունվել է նրա առաջարկած
բանաձևը, ըստ որի Սյունիքին հատկացվող նախնական 300.000 եվրո օգնությունը կրկնապատկվել
է՝ դառնալով 600.000 եվրո», – ասվում է հաղորդագրության մեջ։