25 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գիտնականներն առաջարկում են անհետացման եզրին գտնվող կենդանատեսակները տեղափոխել Լուսին

Գիտնականներն առաջարկում են անհետացման եզրին գտնվող կենդանատեսակները տեղափոխել Լուսին

Ամերիկացի գիտնականներն առաջարկել են անհետացող կենդանիներին Լուսին տեղափոխել․ այս միտքն արտահայտող հոդվածը հրապարակվել է BioScience գիտական ​​ամսագրում։

Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգու և Բնության պահպանության կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Մերի Հեյգեդորնի ղեկավարած գիտնականների խումբը ներկայացրել է Լուսնի մակերեսին պահեստարաններ կառուցելու ծրագիր: Հետազոտողների կարծիքով՝ նման քայլը կապահովի առավել խոցելի և վտանգված կենդանատեսակների նմուշների պահպանումը, քանի որ այդ կերպ նրանք կխուսափեն Երկրի վրա առկա վտանգներից։

Նման պահեստարանները կարող են տեղակայվել Լուսնի բևեռներից մեկի մոտ, քանի որ դրանք մշտապես մնում են ստվերում։ Ջերմաստիճանն այնտեղ պահպանվում է -196 աստիճան Ցելսիուսից ցածր, ուստի պահեստարանը կգործի որպես յուրահատուկ սառնարան։ Սա թույլ կտա կենսաբանական նմուշները երկար ժամանակ պահել առանց մարդու միջամտության և առանց հովացման էներգիայի աղբյուրի: Ավելին, պահեստարանը պաշտպանված կլինի այլ վտանգներից, ինչպիսիք են բնական աղետները, կլիմայի փոփոխությունը և աշխարհաքաղաքական հակամարտությունները:

Գիտնականները կարծում են, որ սա կենդանիների երկարաժամկետ հաշվառման օպտիմալ միջոց է,  հակառակ դեպքում դրանք կարող են ընդմիշտ վերանալ: Դրանք, ըստ մտահղացման, կրիոկոնսերվացվելու են ՝ պիտանի վիճակում պահելու համար ։

Հետազոտողները նշել են, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են խանգարել նախագծի իրականացմանը ։  Դրանք ներառում են նմուշների անվտանգ առաքումը Լուսին, ճառագայթումից պաշտպանությունը և աշխարհի երկրների և կազմակերպությունների միավորումը՝ պահեստը կառուցելու և հետագայում պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, նրանք նշում են, որ չնայած այս խնդիրներին, այդ գործողություններն անհրաժեշտ են, քանի որ «ոչնչացման սպառնալիքներն ավելի արագ են ի հայտ գալիս, քան այդ տեսակները բնական միջավայրում պահպանելու հնարավորությունները»: