24 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր ժողովրդի մեջ այնքան հրաշալի մարդիկ կան, բայց նրանք, չգիտես ինչու, սիրում են ստվերում մնալ․․․ Շուշան Գևորգյան

Մեր ժողովրդի մեջ այնքան հրաշալի մարդիկ կան, բայց նրանք, չգիտես ինչու, սիրում են ստվերում մնալ․․․ Շուշան Գևորգյան

Երգչուհի Շուշան Գևորգյանի հետ խոսել ենք երգարվեստում առկա խնդիրների մասին, որոնք այժմ համընդհանուր ուշադրության են արժանի։ Երգչուհին հաճախ է անդրադառնում ռազմահայրենասիրական թեմատիկային, ընդգծում է՝ այդ երգերը ոչ միայն անհրաժեշտություն են, այլև, ինչ-որ տեղ, պատմություն են պատմում․․․ Շուշանը հաղորդումների շարք է նկարում հայկական գաղթօջախներում՝ ներկայացնելով տեղի հայ համայնքի առօրյան, նրանց խնդիրներն ու ապրումները: Երգչուհին համոզված է՝ Հայաստանում պետք է տեղյակ լինեն նաև այն ամենի մասին, ինչ կատարվում է մեր հայրենակիցների հետ՝ արտերկրում։

-Շուշա՛ն, քո երգացանկում ռազմահայրենասիրական երգեր շատ կան, ինչու՞։ Դա նախասիրությո՞ւն է, թե՞ պահի հրամայական։

-Ես բավական ուշ եմ սկսել երգել՝ 2020 թ․ և երգում եմ տարբեր ժանրի երաժշտություն։ 2020 թվականին, սակայն, ռազմահայրենասիրական երգի ընտրությունը կարծես օրի, պահի հրամայական էր։ Մեր երգերում, անկախ պատմական ժամանակաշրջանից, այնքան ուժ կա, այնքան կենսունակություն կա, իսկ 2020 թ․ այդ համազգային մեծագույն ողբերգությունից հետո մեր ժողովրդին պետք էր թևեր տալ արվեստի միջոցով։  Երգի միջոցով մարդկանց սփոփել. Իհարկե, դժվար էր, բայց ոգևորել պետք էր։ Հետո այդ երգերը պատմություն են պատմում․ օրինակ՝ Ապարան երգում ամբողջ Ապարանի ճակատամարտի հստակ նկարագրությունն է։ Այդ երգերը շատերի կողմից են սիրված, բայց կան մարդիկ, որ հարցում են, թե ինչու եմ նման երգեր երգում։ Իրենց համար այդ երգերն ընդամենը փոշեպատ պատմություններ են․․․Ինձ ցավ է պատճառում այդ վերաբերմունքը, ոչ թե այն պատճառով, որ այդ երգերը ես եմ երգում (այդ երգերը երգել են ինձանից առաջ և երգելու են ինձանից հետո), այլ այն պատճառով, որ սա մեր պատմությունն է, որը չի կարող մոռացվել։

Երբ քո ֆեյսբուքյան էջն  էի թերթում, այնտեղ հետաքրքիր գրառում տեսա։ Գրել էիր, որ սիրո մի տեսակ կա, որի մասին չեն խոսում․․․ Հայրենիքի նկատմամբ սիրո մասի՞ն է խոսքը։

-Մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ չենք սիրում մեր զգացմունքներից խոսել, նույնն էլ վերաբերվում է Հայրենիքի նկատմամբ սիրուն։ Մենք դեռ չենք զգացել՝ ինչպես պետք է խոսել Հայրենիքի մասին․ կամ լռում ենք, կամ այնքան պաթետիկ ենք արտահայտվում, որ լսել չի լիում։ Մոսկվայում մի ընկեր ունեմ, հենց սեղանի շուրջ բանակի կենացն են խմում՝ ասում է հենց հիմա բացեք ձեր դրամապանակները, գումարը հավաքենք և X գումար փոխանցեք բանակի հաշվեհամարին։ Ինձ համար սա ավելի ընդունելի է, քան դատարկ բաժակաճառերը։ Լինում է, երբեմն, այդ բաժակաճառերի միջոցով մարդն իր սրտի խոսքն է ասում, և այն ընկալելի է, եթե իսկապես անկեղծ է։ Առհասարակ, դժվար է խոսել այն ամենի մասին, ինչ քեզ համար իսկապես թանկ է։

– Դու հաճախ ես գնում Մոսկվա։ Քեզ ի՞նչն է տանում Մոսկվա, և ի՞նչն է ետ բերում Երևան։

-Մոսկվա մեկնել էի սովորելու։ Այս ամբողջ ընթացքում, ինչ այնտեղ սովորում և աշխատում եմ, ինձ անընդհատ հարցնում են՝ Մոսկվան քեզ փոխե՞լ է, ասում եմ, այո՛, ավելի հայ է դարձրել․․․ Երբ դու ընկնում ես այդ մեծ օվկիանոսի մեջ, ընտրելու երկու տարբերակ ես ունենում․ կամ դառնալ այդ օվկիանոսի մի մասնիկը՝ ձուլվել, կամ պահել քո տեսակը։ Ես չեմ ասի՝ որն է ճիշտ կամ սխալ, ես կասեմ՝ որ տարբերակն է ինձ հարազատ։ Մոսկվայում մնալու տարիներին ես էլ ավելի ամրացա իմ տեսակի մեջ․ անարդար կլիներ, որ ես, լինելով հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի մի մասնիկը, թողնեի, որ ինչ-որ բան ինձ փոխեր։ Չգիտեմ դա իմ մեջ արմատացած հայկական մշակույթի՞ց է, թե՞ ընտանիքից է, բայց ես հասկացա, թե որքան ամուր է իմ մեջ իմ հայկականությունը․․․Մոսկվա գնում էի սկզբում ուսման բերումով, հետո մնացի գործի բերումով։

-Վերջերս ես էլ էի Մոսկվայում և Մոսկվայի հայկական եկեղեցում ակամա մի խումբ հայերի զրույցին ունկնդիր եղա, որը բացառապես ռուսերեն էր։ Վստահ եմ՝ նրանցից շատերը տիրապետում էին հայերենին, բայց խուսափում էին այն օգտագործել, ինչու՞։ Ես մի պահ ռուս դասականներից մեկին հիշեցի, ով ասում էր՝ ինքդ քեզանից ոչ մի ձիով չես փախչի․․․ Ինչու՞ են մեր հայրենակիցներից շատերը խուսափում իրենց հայկականությունից։

-Այդ խնդիրն ամենուր է։ Կարծում եմ՝ ոչ թե գիտակցաբար են ուզում փախչել իրենց արմատներից, այլև չեն ուզում ոչ մի տեղ փոքրամասնություն լինել։ Տարբեր երկրներում շփվել եմ տեղի հայ համայնքի հետ։ Շփման մեջ հրաշալի մարդիկ են, իրենց տանը շատ հայկական ավանդույթներ են պահում, բայց իրենց մեջ բարդույթ կա՝ շատ չառանձնանալ տիտուլավոր ազգից՝ իրենց հայերեն խոսելով, սովորույթներով և այլն։ Մերոնք կոմունիկացիայի առումով շատ զարգացած են և ուզում են միանգամից մտնել այն երկրի հասարակության մեջ, որտեղ ապրում են և դառնալ այդ հասարակության լիաժեք անդամ։ Այս իրավիճակում էլ, իհարկե, կան բայցեր։ Այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ թեկուզ միայն իրենց օտար լեզվով խոսելն արդեն վտանգ է իրենց իքնությանը, մի պահ կանգ են առնում և սկսում են ավելի զգոն լինել և խիստ լինել առօրյայում։ Դա շատ դժվար է, որովհետև միջավայրը կուլ է տալիս՝ հատկապես փոքրերին։

-Հաղորդում ունես, որը կոչվում է «Երգենք հայերեն, խոսենք հայերեն»։ Հաղորդման ընթացքում ըստ էության՝ լուրջ հարցեր են շոշափվում, բայց դու դա անում ես թեթև՝ երգով, հումորով և այլն։ Դիտողը այդ ամենը նայում է լրջորեն, բայց ընկալում է՝ թեթև։

-Ինձ համար իմ բոլոր լավ հայրենակիցների մեջ մի տեսակ արև կա՝ Հայաստանի արևը․․․Իմ ռուս համակուսեցիներն էլ իմ մեջ էին դա տեսնում և անընդհատ շեշտում էին։ Կարծում եմ՝ բնության և ինքնության արտացոլանքն է։ Ես ուզում էի, որ այդ հաղորդման, նրա մասնակիցների մեջ դիտողները հենց դա տեսնեին․․․

Հաղորդման գաղափարն առաջացավ, երբ դասավանդում էի Մոսկվայի հայորդաց տանը։ Համարյա 4 տարի այնտեղի գեղարվեստական ղեկավարն էի, բայց նաև փոքրիկներին էի դասավանդում։ Այդ հրաշալի հայ փոքրիկները՝ հայկական արտաքինով, գալիս էին և ընդհարապես հայերեն չէին խոսում։ Հաղորդման մասին սկսեցի հենց այդ ժամանակ մտածել, երբ բախվեցի այդ թեմային և հասկացա, որ պետք է մի բան անել։ Ես գիտեմ, որ իմ ներդրումը փոքր է այդ հսկայական խնդրի համեմատ, բայց ես իմ չափով կփորձեմ մի բան անել։

Սանկտ-Պետերբուրգի հայերի մասին հաղորդումը ցուցադրեցինք Սոֆիայի հայերին․  արձագանքն իսկապես հուզիչ էր։ Հենց այդտեղ զգացի, որ բոլորս մի արմատից ենք ծագում և այնքան ջերմություն և իրենց կողմից մասնակցություն զգացի այդ ամենին, որ հասկացա՝ պետք է շարունակել այդ գործը։ Հաղորդման ընթացքում, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ենք նկարում՝ իրենց միջավայրում, սկզբում բոլորս՝ առանձին-առանձին, վերջում էլ միասին մի երգ ենք երգում։ Սա կարծես փոքր դետալ է, բայց մեծ փիլիսոփայություն ունի իր մեջ։ Մենք ամեն ինչ կարող ենք անել, բայց միասին՝ աշխարհի հայերով․․․

-Հունաստանի մասին հաղորդումն էի նայում, այնտեղ բնակվող հայ երիտասարդներից մեկը ասում էր, որ Սփյուռքը իր մտածողության ձևը պետք է փոխի Հայաստանին այս իրավիճակում օգնելու համար։

-Հայաստանում, երբ ասում են Սփյուռք, հասկանում են մեկ միասնական, համապարփակ կառույց, բայց դա այդպես չէ՝ Սփյուռքը տարբեր է, ունի իր ներքին խնդիրները, ներքին գզվռտոցը, ներքին անհամաձայությունները, Սփյուռքում ապրող մարդիկ շատ տարբեր են։ Առաջին տարբերությունը Հայաստանի Հանրապետությունից ներգաղթած և շատ ավելի վաղ այնտեղ հայտնված մարդկանց մեջ է։ Կա հին և նոր սփյուռք, որոնք իրարից շատ տարբեր են։ Ես չեմ ասում՝ մեկը ճիշտ է, մյուսը՝ սխալ, բայց նրանք տարբեր են։ Շատ կցանկանայի, որ մեր պետությունը ունենար լծակներ, որոնք կնպաստեին, որ ձուլումն այդ երկրներում այդքան արագ չլինի։ Սա միայն հայերի խնդիրը չէ․ ես մի կին գիտնականի հետ եմ խոսել Սանկտ-Պետերբուգից, ով հենց սփյուռքի խնդիրներով է զբաղվում․ նա շեշտում էր, որ այդ խնդիրը ունեն հրեաները, հույները հայերը։ Հայաստանն այսօր, իմ կարծիքով, առաջին հերթին ունի սփյուռքի մարդկային ներուժի կարիքը։ Բոլոր նրանք՝ ում համար կարևոր է, որ մեր պետությունը լինի, պետք է հասկանան, որ մենք քիչ չենք և պետք է աշխատենք միասին լինել։ Մեր Սփյուռքի այն հայրենակիցների՝ ում համար իրենց կյանքի չափ կարևոր է Հայաստանի լինելը, պետք է երևան, դուրս գան ասպարեզ։ Մեր ժողովրդի մեջ այնքան հրաշալի մարդիկ կան, բայց այդ մարդիկ, չգիտես ինչու, սիրում են ստվերում մնալ։ Ներողություն այդ բառակապակցության համար, բայց այդ միջակ զոռբաներն են հիմնականում գնում առաջ, հասնում ամեն ինչի, իսկ այն իսկապես տաղանդավոր, հայրենասեր մարդիկ, որոնք շատ-շատ են, ձեռքերը թափ են տալիս և իրենց ստվերում՝ հոգեպես պարտված ապրում են։

-Քո ֆեյսբուքյան էջում գրել էիր, եթե մարդու կյանքում կա «հանունը» նրան հաղթել չի լինի, իսկ որ՞ն է հիմա քեզ համար այդ «հանունը»․․․

-Մի անգամ էլի մեծ դժվարություններով հաղորդումներից մեկն էինք նկարում, իմ շատ լավ ծանոթներից մեկը ինձ ասաց Շուշան ջան լավ երգում ես, սփյուռքի մասին հաղորդումն էլ ինչի ես նկարում։ Դա անում եմ հենց այդ «հանունի» համար․․․Ես ուզում եմ, որ 100 տարի հետո էլ հայը լինի իր ինքնությամբ, որ Հայաստանն իր հայ բնակչությամբ լինի։ Պատկերացրեք, եթե 10 մլն մարդ այդ նույն նպատակն ունենա, մեզ անհնար կլինի հաղթել։

-Նույնիսկ եթե 7 միլիոնն էլ ունենան, կարծում եմ էլի անհնար կլինի։

-Մենք բոլոր ոլորտներում ունենք մեծ ներուժ, բայց այն կարծես ցրված լինի և եթե այդ «հանունը» պետությունը ձևավորի, կամ անհատների որևէ խումբ և այն դրվի մեր գոյության առանցքում, բոլոր ոլորտները կկայանան։

-Վերջին շրջանում Հայաստանում որևէ արվեստի գործ տեսե՞լ ես, որը քեզ խորապես ցնցել է։ Գործ, որը կարողացել է ժամանակի շունչը զգալ և ներկայացնել։

Մարդիկ, թերևս, մտածեն, որ դա սուբյեկտիվ կարծիք է, բայց ես իսկապես ասում եմ օբյեկտիվորեն․ իմ փոքր քրոջ՝ ռեժիսոր Օվսաննա Գևորգյանի ֆիլմը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում՝ այդ ֆիլմն է ինձ իսկապես հուզել։ Ֆիլմում շատ նրբորեն անդրադարձ էր կատարվել 44 օրյա պատերազմին։ Ես ինձ համարում եմ շատ օբյեկտիվ մարդ․․․Ֆիլմի ավարտից հետո դուրս եկա դահլիճից և երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ․․․ Հիմա էլ, որ հիշում չեմ կարողանում հուզմունքս զսպել․․․

-Իսկ դրսում գիտակցում են, որ իրենց հայրենիքը հիմա բոլորի կարիքն ունի՝ ոչ միայն հայաստանաբնակների։

-Ես շատ եմ զայրանում երբ արցախցիներին ասում են՝ է պահեիք Արցախը․․․Ես այդ արտահատությունն անողներին մասամբ դավաճան եմ համարում։ Երբ հայրենիքը կայուն է, ծաղկուն է՝ իրենք հայրենիքի կողքին են, երբ Հայրենիքը խնդիրներ է ունենում, ասում են՝ է պահեիք։ Ինստիտուտի այն կուրսը, որտեղ ես էի սովորում շատ բազմազգ էր և մենք համակուրսեցիներով շատ էինք շփվում տարբեր առիթներով։ Կուրսում մի տղա ունեինք (չեմ ուզում ազգությունը նշել), նա պետություն չունեցող ազգի ներկայացուցիչ էր։ Երբ սկսում էինք խոսել մեր պետություններից, Հայրենիքից, չեք պատկերացնի՝ որքան էր բարդութավորվում, նրա թիկունքը, կարծես, դատարկ լիներ, այդպես էր զգացվում․․․

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը