23 Դեկ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարևոր է, որ Բաքուն և Երևանը խոսում են միմյանց հետ և համաձայնությունների հասնում. Ջեյմս Օ՛Բրայան

Կարևոր է, որ Բաքուն և Երևանը խոսում են միմյանց հետ և համաձայնությունների հասնում. Ջեյմս Օ՛Բրայան

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս
Օ’Բրայենը դեկտեմբերի 13-ին պետքարտուղարությունում «Ամերիկայի ձայնի» բյուրոյի ղեկավար
Նայք Չինգին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բանակցային
գործընթացին ու կողմերի միջև տեղի ունեցած կալանավորների փոխանակմանը։

«Կարծում եմ, որ իսկապես կարևորն այն է, որ երկու երկրները խոսում
են միմյանց հետ և գործնական համաձայնությունների հասնում: Նրանք անցած շաբաթ հայտարարեցին
այս կալանավորվածների ազատ արձակման մասին, իսկ այժմ՝ հենց այս շաբաթ, կալանավորվածներն
արդեն տանն են: Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն
միմյանց նկատմամբ՝ բազմաթիվ առումներով, ներառյալ նրանց միջազգային ձգտումներին, որ
Ադրբեջանը հյուրընկալի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ
նա ստացավ: Հուսով ենք, դա շահավետ կլինի երկու երկրների համար, ինչպես նաև՝ Հայաստանի
միջազգային ձգտումներին: Նման տեսակի աջակցության դրսևորումը՝ երկկողմանի նորմալ հարաբերություններ
կառուցելուն ուղղված կարևոր քայլ է: Հուսով ենք, շատ շուտով ականատես կլինենք, որ կողմերը
հասնում են խաղաղության համաձայնագրի։ Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված
է այդ անել: Մենք, նաև Եվրամիության մեր գործընկերները և մյուսները պատրաստ ենք օգնել:
Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ
խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի»,-ասել է նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք մինչև տարվա վերջ հնարավոր է Հայաստանի
և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպել Վաշինգտոնում, Օ՛ Բրայենը պատասխանել
է։ «Արդեն հյուրընկալել ենք երկու արտգործնախարարների միջև խաղաղ բանակցությունների
մի քանի փուլ, և այդ նորից կանեինք, եթե կողմերը որոշեին, որ դա կօգնի նրանց խաղաղություն
կնքել: Մենք պատրաստ ենք օգնել: Երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել, և մինչ
այժմ յուրաքանչյուրն ասել է, որ պատրաստ է աշխատել այդ նպատակով։ Այս տարվա համար բավարար
ժամանակ չի մնացել, բայց մենք ամեն ինչ կանենք»: