22 Դեկ
2024
3.7° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերահաստատել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու խոստումը

Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերահաստատել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու խոստումը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում վերահաստատել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու խոստումը․ գրում է Reuters գործակալությունը։

Պուտինը օգոստոսի 15-ին շնորհավորական ուղերձ էր հղել Կիմ Չեն Ընին՝ Հյուսիսային Կորեայի ազատագրման օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահը նշել էր, որ կապը, որը ստեղծվել է երկու երկրների միջև այն ժամանակ, երբ խորհրդային զինվորները կռվում էին Ճապոնիայի դեմ, շարունակում է ծառայել որպես նրանց միջև հարաբերությունների հիմք։

«Երկու երկրների բանակների և ժողովուրդների միջև բարեկամական զգացումները, որոնք ձևավորվել և խորացել են ընդհանուր թշնամու դեմ արյունալի պայքարում, ուժեղ շարժիչ ուժ են հանդիսանում բարեկամության և համագործակցության հարաբերությունները զարգացնելու համար՝ վերածելով դրանք համապարփակ ռազմավարական գործընկերության և անպարտելի բարեկամության», – ասել է Հյուսիսային կորեայի առաջնորդը։

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը հունիսին հանդիպել են Փհենյանում, որտեղ ստորագրել են «համապարփակ ռազմավարական գործընկերության» մասին պայմանագիր, որը ներառում է փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։