25 Նոյ
2024
12.9° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կայանալիք ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե. Կոբախիձե

Կայանալիք ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե. Կոբախիձե

Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ավելի հիմնարար են, քան բոլոր նախորդները, և խաղաղության և պատերազմի միջև կդառնան յուրօրինակ հանրաքվե. Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն,  գրում է Sputnik Грузия-ն։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով (կուսակցությունների ցուցակների հիման վրա)։

«Այս ընտրությունները չափազանց սկզբունքային են։ Սա հանրաքվե է խաղաղության և պատերազմի միջև, սա հանրաքվե է քարոզչության և ավանդական արժեքների միջև և, իրականում, ընտրությունը պարզ է. ընտրությունը պետք է կատարվի հօգուտ խաղաղության, բարոյականության և երկրի լուսավոր ապագայի»,- ասել է Կոբախիձեն։

Կուսակցությունների ընտրական ցուցակներում պատգամավորի առանձին թեկնածուներին կարելի է անվանել պատվիրակներ, այսինքն՝ ընտրատարածքներում ընտրողների պոտենցիալ ներկայացուցիչներ։

Իշխող կուսակցությունը երեկ հրապարակեց իր ընտրական ցուցակի մի մասը՝ 22 պատվիրակ, որոնցից յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի ընտրատարածքներից մեկում նախընտրական քարոզարշավի համար, իսկ ընտրություններից հետո խորհրդարանում պաշտպանի այդ շրջանի ընտրողների շահերը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրություններին կգնա միասնական ցուցակով՝ իր գործընկեր խորհրդարանական մեծամասնության՝ «Ժողովրդի իշխանություն» կուսակցության հետ։

Նոր քաղաքական հարթակ են ստեղծել նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և «Աղմաշենեբելի ռազմավարությունը»։ Վերջինս հիմնադրվել է 2016 թվականին «Ազգային շարժումից» առանձնացած արդարադատության նախկին փոխնախարար Գիորգի Վաշաձեի կողմից։ Նրանց  միացել է նաև Եվրոպական Վրաստան կուսակցությունը։

Ընդդիմադիր երեք կուսակցություններ որոշել են ընտրություններին գնալ մեկ ընտրացանկով։ Դրանք հիմնադրվել են Միխաիլ Սահակաշվիլիի ժամանակ ստեղծված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամների կողմից: