Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Հորդանանում անցկացվող ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Հայաստանի թիմի կազմում ԱԱ-ի արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը: 16-ամյա ըմբիշը եզրափակչում գոտեմարտել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ասլանբեկ Կոստոևի հետ և 3:6 հաշվով զիջել է մրցակցին:
Աճեմյանն աշխարհի պատանեկան առաջնության մեկնարկում 9:0 հաշվով ուժեղ էր գտնվել իրանցի ըմբիշից, քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տոնել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիջոն Քարամովի նկատմամբ:
Պատանեկան ԱԱ-ի բրոնզե մեդալը նվաճել են հավաքականի մյուս անդամներ Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ):
Մխիթարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 8:0 վստահ առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Աբդուլսամետ Ուջարի նկատմամբ, 1/8 եզրափակչում Մխիթարյանը նույն հաշվով հաղթել է Հնդկաստանը ներկայացնող Սամարտ Մհակավեին, քառորդ եզրափակչում 4:3 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, սակայն կիսաեզրափակչում զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Ալպամիս Բոլատուլիին: Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը գոտեմարտել է իրանցի Ամիրալի Հեյդարիի հետ և տուշեի օգնությամբ առավելության հասել մրցակցի նկատմամբ:
Գրիգորյանը որակավորման փուլում 9:3 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում 3:1 հաշվով ուժեղ է գտնվել ճապոնացի ըմբիշից, սակայն կիսաեզրափակչում 1:1 հաշվով զիջել է Իրանի ներկայացուցչին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նարեկ Գրիգորյանն առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆայոզբեկ Էշմիրզաևի նկատմամբ՝ 1:1:
Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար գոտեմարտել են նաև Սարգիս Հարությունյանը (51 կգ), Սամվել Տերտերյանը (71 կգ), Լյովա Շուխյանը (92 կգ), սակայն զիջել են մրցակիցներին:
Օգոստոսի 23-ից պայքարի դուրս կգան ազատոճային ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ընդգրկված են Մհեր Հակոբյանը (45 կգ), Արմեն Պապիկյանը (48 կգ), Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), Գագիկ Ղազարյանը (55 կգ), Հայկ Ավանեսյանը (60 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Վահե Սաղյանը (71 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ), Հրաչիկ Մկրտչյանը (92 կգ), Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ):
Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցում է 576 ըմբիշ։